Ավստրալիայում հինգ տարեկան աղջկա մահից հետո տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության և սեռական բռնության երկու դրվագի համար, հայտնում է BBC News-ը։
Աղջկա մարմինը, որը ճանաչվել էր միայն որպես Կումանջայի Լիթլ Բեյբի՝ նրա մահից հետո ընտանիքի կողմից մշակութային նկատառումներով տրված կեղծանունով, հայտնաբերվել է հինգշաբթի՝ մի քանի օր տևած լայնածավալ ոստիկանական որոնումներից հետո։
47-ամյա Ջեֆերսոն Լյուիսին շաբաթ երեկոյան սպանության մեղադրանք է առաջադրվել, և նա պետք է երեքշաբթի ներկայանա Դարվինի դատարան։ Երեխայի մահվան պատճառով Ալիս Սփրինգսում բռնկված զանգվածային անկարգությունների առնչությամբ հինգ մարդ է ձերբակալվել։ Հյուսիսային տարածքի ոստիկանության հանձնակատար Մարտին Դոուլը կիրակի առավոտյան հայտարարեց Լյուիսին մեղադրանք առաջադրելու մասին։
Դոուլը համայնքին խնդրել է հարգել դատական գործընթացը։
Հաղորդվում է, որ Լյուիսը հարձակման է ենթարկվել Ավստրալիայի կենտրոնական քաղաքի տարածքում, մինչև հինգշավթի նրա ձերբակալումը։
Ալիս Սփրինգսի հիվանդանոցի մոտ բռնկված կատաղի անկարգությունները, որտեղ Լյուիսը բուժում էր ստանում ստացած վնասվածքների համար, ոստիկանությանը ստիպել են նրան տեղափոխել Դարվին քաղաք, որը գտնվում է քաղաքից մոտ 1500 կմ հյուսիս։
Տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ հինգշաբթի երեկոյան հավաքվել քաղաքի հիվանդանոցի մոտ, ոմանք նետում են տարբեր առարկաներ, իսկ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ։
Բացի այդ, ցուցարարները հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա, և առնվազն մեկ ֆուրգոն հրկիզվել է։
Ոստիկանությունը հրապարակել է լրացուցիչ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ կուտակվում հիվանդանոցի հարևանությամբ գտնվող բենզալցակայանում և ապրանքներ վերցնում դարակներից։
Բենզալցակայանից և սուպերմարկետից գողացված ապրանքների ու պատճառված նյութական վնասի չափը գնահատվում է ավելի քան 180,000 ավստրալիական դոլար, հայտնել է ոստիկանությունը։ Ավստրալիայի ազգային հեռարձակող ABC-ն հայտնել է, որ հիվանդանոցի շենքի մոտ գտնվող ամբոխից բղավում էին, թե Լյուիսին պետք է պատժել «payback»-ի (վրեժխնդրության) սկզբունքով, և ոստիկանությանը մեղադրել են նրան պաշտպանելու մեջ։
«Payback»-ը տերմին է, որը նշանակում է ավանդական պատիժ՝ համաձայն Կենտրոնական Ավստրալիայի բնիկների սովորութային իրավունքի։ Այն սովորաբար կիրառում են ավագները՝ փորձելով հաշտություն հաստատել ընտանիքների և բնիկ խմբերի միջև։




























