Հրապարակվել է «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի օրակարգը։
Օրակարգի համաձայն, համաժողովի շրջանակում միջոցառումները կտևեն երկու օր՝ մայիսի 5-ին և 6-ին։
Համաժողովի առաջին օրը՝ մայիսի 5-ին, բացման խոսքով հանդես կգան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և միջոցառման հատուկ հյուր՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Նույն օրը կանցկացվեն բազմաթիվ պանելային քննարկումներ, որոնցից ամենամեծ հետաքրքրությունն է առաջացնում «Հարավային Կովկասը բեկումնային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» խորագրով քննարկումը։
Այս քննարկմանը կմասնակցեն Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵՄ-ի՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչ, «Թոփչուբաշով կենտրոնի» տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։
Մայիսի 6-ին համաժողովի շրջանակում ամենահետաքրքիր քննարկումներից մեկը կարելի է համարել «Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ցնցումները․ գլոբալ հետևանքներ և երկրորդային ազդեցություններ» պանելային քննարկումը։ Այդ քննարկման ընթացքում կանդրադառնան Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին։
Ընդհանուր առմամբ, համաժողովին կմասնակցեն աշխարհի բազմաթիվ երկրներից նախկին և գործող պաշտոնյաներ ու փորձագետներ։
Համաժողովը բաղկացած կլինի վեց թեմատիկ ուղղություններից։





























