Ծովային շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն արդեն Իրանի հետ կապված 49 առևտրային նավ են կալանել, կիրակի հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Մինչ օրս 49 առևտրային նավ վերաուղղվել է՝ շրջափակման պահանջներին համապատասխան։ Ամերիկյան ուժերը շարունակում են հաստատակամ մնալ՝ ապահովելու դրա լիարժեք պահպանումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարության տվյալներով՝ նախօրեին CENTCOM-ի ղեկավար ադմիրալ Բրեդ Կուպերը եղել է USS Tripoli ունիվերսալ դեսանտային ավիակիր նավի վրա, որը ներգրավված է Իրանի ծովային շրջափակման գործողության մեջ։

Նավ այցելության ընթացքում նա եղել է դրա մարտական կառավարման կենտրոնում, ինչպես նաև հանդիպել է նավի վրա տեղակայված ծովային հետևակայիններին և նավաստիներին։

Ներկայումս ամերիկյան ծովային հետևակը ամենաակտիվ մասնակցությունն է ունենում Իրանի հետ կապված այն առևտրային նավերի շրջափակման գործողությանը, որոնք դուրս են գալիս կամ ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ։ Ծովային հետևակի խմբերը նման նավեր են գրոհով վերցնում Օմանի ծոցում՝ ուղղաթիռներից իջնելով դրանց վրա։

Շրջափակումն ապահովելու համար ԱՄՆ-ը Իրանից հարավ-արևելք՝ Արաբական ծովում, կենտրոնացրել է հզոր ռազմածովային խմբավորում՝ երկու ավիակրից, երեք խոշոր դեսանտային նավից՝ որոնց վրա գտնվում է ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակ, 13 հրթիռային էսմինեցից և մի քանի ականորսիչներից կազմված։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր չի ձեռք բերվել։ Իրանը շրջափակումը անվանում է գործող հրադադարի ռեժիմի խախտում։