ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռներով երկու ականակիրներ մտել են Պարսից ծոց՝ իրանական շրջափակումը ճեղքելու համար, և որ ամերիկյան երկու նավերը հատել են Հորմուզի նեղուցն այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել էր, թե կանխել է ամերիկյան ռազմական նավի մուտքը Պարսից ծոց:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ իր ուժերն աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի «Ազատություն» նախագծին, որի նպատակն է «դուրս բերել առևտրային նավերը», որոնք արգելափակվել են Պարսից ծոցում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով, և ուժեղացնել իրանական նավահանգիստների շրջափակումը:

Միջամտությունը, ըստ ամենայնի, մեծացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի բախման ռիսկը այն ջրային ուղու վրա, որով սովորաբար տեղափոխվում է աշխարհի ծովային նավթի և գազի պաշարների մեկ հինգերորդը, սակայն որը պատերազմի հետևանքով արդեն երկու ամիս է՝ շրջափակված է։

CENTCOM-ը հայտնել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավեր հատել են նեղուցը, երբ ամերիկյան ականակիրները գործում էին Պարսից ծոցում:

«Ամերիկյան զինված ուժերն ակտիվորեն նպաստում են առևտրային փոխադրումների տարանցման վերականգնման ջանքերին»,- հավելել են ԱՄՆ Կենտրոնական շտաբում:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Իրանը հայտարարել էր, որ ստիպել է ԱՄՆ ռազմական նավին հետ դառնալ Հորմուզի նեղուցից, իսկ CENTCOM-ը հերքել էր Թեհրանի այն պնդումը, թե նավը խոցվել է հրթիռներով: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Իրանը նախազգուշական կրակոց է արձակել, և պարզ չէ՝ արդյոք ռազմական նավը վնասվե՞լ է, թե՞ ոչ:

Նավթի գներն աճել են 5%-ով՝ ռազմական նավի հետդարձի մասին լուրերի ֆոնին, սակայն Գրինվիչի ժամանակով 12:20-ի դրությամբ աճը կազմել է մոտ 2,5%: