Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի համախոհ Ռուդի Ջուլիանիին հոսպիտալացրել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Դրա մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Թեդ Գուդմանը:

«Քաղաքապետ Ռուդի Ջուլիանին այժմ հիվանդանոցում է, որտեղ նրա վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն: Քաղաքապետ Ջուլիանին մարտիկ է, որն անսասան ուժով է դիմավորել իր կյանքի բոլոր փորձությունները, և նա պայքարում է նույնպիսի ուժով: Մենք խնդրում ենք ձեզ միանալ մեր աղոթքին Ամերիկայի քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի համար»,- սոցցանցերում գրել է Գուդմանը:

Ինչպես նշում է NBC News-ը, նա չի հստակեցրել, թե ինչու է Նյու Յորքի նախկին քաղաքապետը, որը 81 տարեկան է, հոսպիտալացվել կամ որ հիվանդանոց է ընդունվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը կիրակի հաստատել է, որ Ջուլիանին հոսպիտալացվել է:

Ուրբաթ երեկոյան Ջուլիանին վարում էր իր «Ամերիկայի քաղաքապետը ուղիղ եթերում» շոուն Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքից: Շոուի սկզբում նա նշել էր, թե ձայնը հազի պատճառով «մի փոքր այն չէ»: