Հորմուզի նեղուցն անցնելուց հետո ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային ականակիրները շարունակում են գործողություններ իրականացնել Պարսից ծոցում, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

««Ազատություն» առաքելության շրջանակում ամերիկյան ուժերը ակտիվորեն աջակցում են առևտրային նավագնացության տարանցման վերականգնման ջանքերին։ Որպես առաջին քայլ՝ ԱՄՆ դրոշի տակ ընթացող երկու առևտրային նավ հաջողությամբ անցել են Օրմուզի նեղուցով և ապահով շարունակում են իրենց ուղին», - ասվում է հաղորդագրության մեջ։

CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ «ԱՄՆ զինված ուժերը օգնում են միջազգային հանրությանը վերականգնել համաշխարհային առևտրի հոսքը, մինչդեռ, մյուս կողմից, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անում է հնարավոր ամեն ինչ՝ առևտրային նավագնացությանը ահաբեկելու և սպառնալու համար»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «ամերիկացի զինվորականներն ունեն ակնհայտ առավելություն. մենք ունենք հսկայական ներուժ և կրակային հզորություն, որոնք կենտրոնացված են Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում»։

«Վերջին 12 ժամվա ընթացքում մենք կապ ենք հաստատել տասնյակ նավերի և նավագնացական ընկերությունների հետ՝ խթանելու նավերի շարժը Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ նախագահի մտադրությանը համապատասխան՝ օգնելու ապահովել նավերի անվտանգ անցումը այս նեղ առևտրային միջանցքով», - հայտնել է ծովակալը՝ հավելելով, որ ներկայումս Պարսից ծոցում գտնվում են աշխարհի 87 երկրների նավեր։