Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա, որ երկրի մասնակցի Հորմուզի նեղուցում իրականացվող որևէ ուժային գործողությանը։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Ըստ նախարարի՝ այս իրավիճակը ռազմական լուծում չունի։ «Պետք է վերադառնալ բանակցությունների սեղանին,- TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է արտգործնախարարը,- դիվանագիտությունից բացի այլ ելք չկա»։ Նա հավելել է նաև, որ այս պահին ՄԱԿ-ի հովանու ներքո որևէ գործողություն իրականացնելու նվազագույն պայմաններ անգամ չկան. «Մենք կտրականապես բացառում ենք որևէ մասնակցություն ուժային գործողություններին կամ քայլեր, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա սրմանը»։

Մայիսի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցում կսկսի Project Freedom գործողությունը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այն կենտրոնացած կլինի նեղուցից նավերի անվտանգ դուրսբերման վրա։ Նա սպառնացել է պատասխանել ուժի կիրառմամբ, «եթե այս մարդասիրական գործընթացը ենթարկվի որևէ միջամտության»։

Միևնույն ժամանակ Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին նախազգուշացրել է, որ Թեհրանը Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացությանը ցանկացած միջամտություն կգնահատի որպես հրադադարի ռեժիմի խախտում։ Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի կառավարումը «չի իրականացվելու Թրամփի զառանցական հայտարարությունների հիման վրա», գրել է Ազիզին X-ում։