Աշխարհը բախվում է իր պատմության մեջ, հավանաբար, ամենալուրջ էներգետիկ ճգնաժամին, որը փորձության է ենթարկում մեր տնտեսությունների, մեր հասարակությունների և մեր գործընկերային հարաբերությունների դիմակայունությունը: Մոլդովայի Հանրապետության հետ բարձր մակարդակի 7-րդ էներգետիկ երկխոսության ժամանակ դրա մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ էներգետիկայի և բնակարանային շինարարության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը:

«Այդ համատեքստում Եվրոպական միության և Մոլդովայի միջև էներգետիկ գործընկերությունն աչքի է ընկնում ամրությամբ և հեռանկարայնությամբ: Մենք կիսում ենք հստակ և հրատապ շահագրգռվածություն մեր համագործակցության հետագա խորացման հարցում: Մինչ Մոլդովան առաջ է շարժվում Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհով, անվտանգ, կայուն և անկախ էներգետիկ համակարգի ստեղծումը մնում է մեր համատեղ ջանքերի կենտրոնական տարրը»,- նշել է Յորգենսենը:

Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության՝ երկխոսության շրջանակում քննարկումները կենտրոնացած են եղել ընթացիկ աշխարհաքաղաքական համատեքստում էներգետիկ առանցքային առաջնահերթությունների վրա, ներառյալ՝ էներգետիկ անվտանգությունը և սեզոնային պատրաստվածությունը, էլեկտրաէներգիայի և գազի ոլորտում շուկայական բարեփոխումները, ռազմավարական ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիայի աղբյուրները և էներգաարդյունավետությունը:

Մասնակիցները քննարկել են Մոլդովայի հետագա առաջընթացը էներգետիկ դիմակայունության ամրապնդման և ԵՄ-ին անդամակցելուն առնչվող  բարեփոխումների առաջմղման գործում:

«Եվրոպական միությունը վերահաստատել է իր անփոփոխ քաղաքական, տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Մոլդովայի Հանրապետության ջանքերին՝ ուղղված ավելի անվտանգ, կայուն էներգետիկ համակարգի ստեղծմանը և Եվրոպայի հետ դրա ինտեգրման խորացմանը: Բարձր մակարդակի էներգետիկ երկխոսությունը, որն առաջին անգամ մեկնարկել է 2021 թվականին, մնում է առանցքային հարթակ ԵՄ-ի և Մոլդովայի միջև էներգետիկ առաջնահերթ հարցերի շուրջ համագործակցության համակարգման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: