Քանի որ առաջիկա օրերին Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի նախընտրական արշավը, ես անհրաժեշտ համարեցի կրկին հիշեցնել և նախազգուշացնել կրթական հաստատություններում աշխատող մեր բոլոր քաղաքացիներին․ գործող օրենսդրության ցանկացած խախտման դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ։ Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստում ամբիոնից ելույթ ունենալով հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթական համակարգը քաղաքական ազդեցությունից դուրս բերելն է։ «Կրթական համակարգում աշխատող մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ նրանք չպետք է ունենան սեփական դիրքորոշում կամ պետք է զրկված լինեն այն որպես քաղաքացիներ արտահայտելու հնարավորությունից։ Սակայն թույլ չի տրվելու կրթական հաստատությունները վերածել քաղաքական գործունեության հարթակի։ Յուրաքանչյուր նման դեպքում, համապատասխան ազդանշան ստացվելուն պես, օրենքը կկիրառվի ամբողջ խստությամբ։ Դրա համար նախատեսված են բոլոր անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմները», - նշել է Անդրեասյանը։




























