Մայիսի 6-ին Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Դրամախաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին։
Այս օրենսդրական նախաձեռնության հեղինակը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Օրենսդրական փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ. բոլոր օնլայն խաղատները պետք է իրենց կայքերում և հավելվածներում տեղադրեն ինքնաարգելափակման կոճակ՝ ընդ որում՝ բաց հասանելիությամբ։ Այդ կոճակը սեղմելուց հետո օնլայն խաղատներում խաղալը կարգելվի հինգ տարի ժամկետով (առանց վաղաժամկետ վերականգնման հնարավորության)։ Ժամկետի լրանալուց հետո արգելափակումն ինքնաբերաբար կերկարաձգվի ևս հինգ տարով, եթե ժամկետի ավարտից հինգ օր առաջ քաղաքացին սահմանված սահմանափակումը հանելու մասին դիմում չներկայացնի։ Ինքնաարգելափակման մասին տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին։ Այլ օնլայն խաղատներում և խաղային հարթակներում մասնակցի գործունեությունը կկասեցվի։ Բացի այդ, առաջարկվում է նաև օնլայն խաղատներում արգելափակել նպաստառուներին, կենսաթոշակառուներին, սնանկացման փուլում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև Կառավարության կողմից ֆինանսավորվող կամ համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի մասնակիցներին։
Ավելին, օրենսդրական նախաձեռնության շրջանակում առաջարկվում է սահմանել առցանց խաղերին մասնակցության սահմանաչափ՝ տարեկան հայտարարագրվող եկամտի 20%-ի չափով։




























