ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիները կառուցապատման նոր նախագիծ են սկսում Վրաստանում՝ «Trump Tower Tbilisi»-ը։ Այն լինելու է 70 հարկանի շքեղ բնակելի համալիր, որը հավակնում է դառնալ երկրի ամենաբարձր շենքը, հայտնում է The Daily Beast-ը։ Նախագծի մասին շաբաթվա սկզբին հայտնել է Էրիկ Թրամփը՝ X-ի իր էջում հրապարակելով ապագա երկնաքերի պատկերը։

«Trump Tower Tbilisi» նախագծի մեկնարկի կապակցությամբ տարածված մամուլի հաղորդագրության մեջ Էրիկ Թրամփը նշել է. «Թրամփի անունն ասոցացվում է աշխարհի ամենաշքեղ կառուցապատման նախագծերի հետ, և «Trump Tower Tbilisi»-ն այդ ավանդույթի շարունակությունն է։ Մենք հպարտ ենք, որ որակի այս համաշխարհային չափանիշը բերում ենք Վրաստան և հատկապես ուրախ ենք համագործակցել նման հեղինակավոր ու պրոֆեսիոնալ կառուցապատողների հետ»։ Ըստ The Daily Beast-ի տվյալների՝ նախագծում Թրամփների ընտանիքի գործընկերներից մեկը թբիլիսյան «Archi Group»-ն է, որը կապվում է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Իվանիշվիլիին քննադատներն անվանում են Վրաստանի «ստվերային կառավարիչ»։ Հատկանշական է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք նա հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ ընտրությունների ժամանակ ժողովրդավարական գործընթացները խաթարելու պատճառով։

«Archi Group»-ն առնչություններ ունի Իվանիշվիլիի շրջապատի հետ։ Ընկերության հիմնադիր Իլիա Ցուլայան Իվանիշվիլիի կուսակցության նախկին պատգամավոր է։ Ինչպես նշում է պարբերականը, նախորդ տարի նրա անունը ներառված է եղել ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում, որն ամերիկացի օրենսդիրները փոխանցել էին ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այդուհանդերձ, Ցուլայայի դեմ պատժամիջոցներ այդպես էլ չեն սահմանվել։

Ըստ «Transparency International»-ի 2019 թվականի զեկույցի՝ «Archi Group»-ը Վրաստանի իշխանություններից մոտ 7,2 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Թբիլիսիում երկաթբետոնե բլոկների գործարան կառուցելու համար։ Այս հատկացումներն արվել են 2016-2018 թվականներին, երբ հենց ինքը՝ Ցուլայան և իր գործընկերները, հարյուր հազարավոր դոլարների նվիրատվություններ են կատարել իշխող կուսակցությանն ու Իվանիշվիլիի հետ մտերիմ քաղաքական գործիչներին։

Սա Թրամփների ընտանիքի առաջին փորձը չէ վրացական շուկա մտնելու ուղղությամբ։ Դեռ 2016 թվականին Թրամփը հայտարարել էր Բաթումիում շքեղ բնակելի համալիր կառուցելու ծրագրերի մասին, սակայն նույն տարվա նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հրաժարվել է այդ նախագծից։ Հետագայում այն անցել է Իվանիշվիլիի հետ կապված ներդրումային հիմնադրամին։

«Trump Tower Tbilisi»-ի շինարարությանը մասնակցող երկրորդ ընկերությունը նյույորքյան «Sapir Organization»-ն է։ Այն հիմնադրել է Թրամփի նախկին գործընկեր, հանգուցյալ գործարար Թամիր Սապիրը։ Ընկերության ներկայիս ղեկավար Ալեքս Սապիրը WSJ-ին տված հարցազրույցում նշել է, որ վրացական նախագիծը հնարավորություն է «նշանակալի ավանդ ներդնել» մի երկրում, որտեղ ծնվել է իր հայրը։ Թամիր Սապիրը ԱՄՆ էր գաղթել 1970-ականների կեսերին և Մանհեթենում էլեկտրոնիկայի խանութ էր բացել օդեսացի Սեմյոն Կիսլինի հետ։ Ինչպես գրում է The Daily Beast-ը, Դոնալդ Թրամփը եղել է Սապիրի և Կիսլինի առաջին հաճախորդներից մեկը։