Թուրքիայի փորձերը՝ հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հարցի հետ, դատապարտված են ձախողման: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երեւանում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

Հայաստանի ղեկավարի խոսքով, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կհաստատվի միայն այն դեպքում, երբ կկարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, եւ շատ կարեւոր է , որ Թուրքիան գիտակցի դա: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաստատման կամ ձախողման ողջ պատասխանատվությունը պետք է ամբողջությամբ ընկնի Հայաստանի եւ Թուրքիայի վրա: Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահը նկատեց, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման»,- շեշտեց նա: