Կույր չինացի իրավապաշտպան Չեն Գուանչենը, ով 6 օր թաքնվել է Պեկինում ԱՄՆ դեսպանատանը, ցանկանում է գրկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով Չինաստանի մայրաքաղաք է ժամանել` մասնակցելու չին-ամերիկյան ռազմավարական տնտեսական երկխոսության 4-րդ փուլին: Իրավապաշտպանի ցանկության մասին հայտնել է Պեկինում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը:
Ավելի վաղ BBC-ն` վկայակոչելով չինական լրատվամիջոցները, հայտնել էր, որ, հնարավոր է, Գուանչենը ԱՄՆ դեսպանատնից դիմել է փախուստի: Պարզվել է, որ նա Պեկինում ԱՄՆ դեսպան Գերի Լոքի ուղեկցությամբ եւ իր կամքով լքել է դեսպանատան տարածքը եւ գնացել հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Կույր իրավաբան Չեն Գուանչենը հանդես է գալիս հանուն հաշմանդամների իրավունքների, ինչպես նաեւ ստիպողաբար աբորտների դեմ: 2009-ին նա բանտարկվել է, որտեղից ազատ արձակվելուց հետո գտնվել է տնային կալանքի տակ: Ապրիլի վերջին Գուանչենը փախել է տնային կալանքից եւ թաքնվել ԱՄՆ դեսպանատանը` ամերիկացի դիվանագետներից ապաստան խնդրելով:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել էր ներողություն խնդրել, որ ՉԺՀ քաղաքացուն մի քանի օր թաքցրել է Պեկինում ԱՄՆ դեսպանատանը:




























