Դեռ շատ չանցած՝ Ալյասկայի նավթային արդյունաբերությունը թվում էր մի ճյուղ, որը դանդաղ հեռանում է անցյալ։ Արդյունահանումը նվազում էր, խոշորագույն ընկերությունները կրճատում էին ակտիվությունը, իսկ փորձագետները լրջորեն քննարկում էին մի սցենար, որի դեպքում լեգենդար Տրանսալյասկայական խողովակաշարը (TAPS) մի օր պարզապես կդադարի գործել։

Այսօր իրավիճակն այնքան կտրուկ է փոխվել, որ ոլորտում ավելի ու ավելի հաճախ խոսում են Արկտիկայում «նոր ոսկե տենդի» մասին, գրում է Fortune-ը։

Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձի, կարգավորման մեղմացման և խոշոր երկրաբանական հայտնագործությունների շարքի ֆոնին Ալյասկան կրկին վերածվում է աշխարհում նավթային ներդրումների գլխավոր կենտրոններից մեկի։ Միջազգային կորպորացիաները, որոնք դեռ մի քանի տարի առաջ փաստացի հրաժարվել էին տարածաշրջանից, կրկին վերադառնում են Արկտիկա և պատրաստ են ներդնել միլիարդավոր դոլարներ։

Թրամփը և նոր էներգետիկ ռազմավարությունը

Նավթային ռենեսանսի գլխավոր գործոններից մեկը դարձել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը։

Գործնականում անմիջապես պաշտոնամուտից հետո Թրամփը ստորագրեց հրամանագիր, որն ուղղված էր Ալյասկայում նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանման արագացմանը։ Նրա վարչակազմը նահանգը դիտարկում է որպես ԱՄՆ-ի «էներգետիկ գերիշխանության» ռազմավարության առանցքային տարր։

Ներքին գործերի նախարարությունն արդեն չեղարկել է Բայդենի ժամանակաշրջանի սահմանափակումների մի մասը, որոնք արգելում էին հորատումը National Petroleum Reserve-Alaska (NPRA)-ի զգալի տարածքում՝ մոտ 23 միլիոն ակր մակերես ունեցող հսկայական դաշնային նավթային ռեզերվում։

Զուգահեռաբար իշխանությունները պատրաստում են նոր նավթային նախագծերի թույլտվությունների տրամադրման արագացված համակարգ։ Նավթային ընկերությունների համար սա ազդանշան դարձավ․ Արկտիկան կրկին բաց է բիզնեսի համար։

Նավթային հսկաների վերադարձը

Հատկապես ցուցիչ դարձավ մարտյան աճուրդը NPRA-ում տեղամասերի վարձակալության համար։

ConocoPhillips, Shell, ExxonMobil, Santos և ևս մի քանի խաղացողներ ռեկորդ սահմանեցին՝ առաջարկելով գրեթե 164 միլիոն դոլար նավթի և գազի արդյունահանման լիցենզիաների համար։

Ոլորտի համար սա կարևոր խորհրդանիշ դարձավ։

ExxonMobil-ը Ալյասկայում հետախուզական հորեր չէր հորատել 1990-ականների սկզբից։ Shell-ը դեռ 2015-ին պաշտոնապես հայտարարել էր, որ հեռանում է արկտիկական տարածաշրջանից «տեսանելի ապագայում»՝ հյուսիսային ծովերում նավթ գտնելու անհաջող փորձերից հետո։

Այժմ երկու ընկերություններն էլ վերադառնում են։

«Սա իսկապես Ալյասկայի վերածնունդ է թվում», — հայտարարել է ConocoPhillips-ի ղեկավար Ռայան Լանսը։

Նրա խոսքով՝ նավթի համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին ընկերությունները կրկին ուշադրություն են դարձնում խոշոր ավանդական հանքավայրերով տարածաշրջաններին, և Ալյասկան հայտնվում է ամենագրավիչ տարբերակների շարքում։

Հայտնագործություններ, որոնք փոխեցին ամեն ինչ

Տարածաշրջանի համար առանցքային պահ դարձավ Նանուշուկ երկրաբանական ֆորմացիայում հանքավայրերի հայտնաբերումը։

Երկար ժամանակ համարվում էր, որ այս գոտու ներուժը սահմանափակ է։ Սակայն 2013 թվականին անկախ նավթարդյունահանող Բիլ Արմսթրոնգը իսպանական Repsol-ի հետ համատեղ հայտնաբերեց զգալիորեն ավելի մեծ պաշարներ, քան նախկինում ենթադրվում էր։

2015–2017 թվականների հաջորդած հորատումները հաստատեցին՝ արկտիկական տունդրայի տակ թաքնված են նավթի հսկայական ծավալներ։

Հենց այս հայտնագործությունն էլ դարձավ նոր նավթային բումի հիմքը։

2026 թվականի մայիսին Santos և Repsol ընկերությունները սկսեցին առևտրային արդյունահանումը Pikka նախագծում, որը պետք է հասնի օրական մոտ 80 հազար բարելի ծավալի։

ConocoPhillips-ը զուգահեռաբար կառուցում է Willow լայնամասշտաբ նախագիծը՝ մոտ 600 միլիոն բարել պաշարներով։ Արդյունահանման մեկնարկը սպասվում է 2029 թվականին։

Բացի այդ, հայտնվում են նաև նոր հեռանկարային տեղամասեր՝ Quokka, Sockeye և այլ հանքավայրեր, որոնք միայն ուժեղացնում են ոլորտի վստահությունը։

Բիլ Արմսթրոնգի խոսքով՝ տարածաշրջանում կարող է լինել առնվազն մեկ տասնյակ դեռ չմշակված խոշոր նավթային անոմալիա։

Ինչու է Արկտիկան կրկին շահավետ

Չնայած ծայրահեղ պայմաններին՝ արկտիկական նավթը շարունակում է չափազանց գրավիչ մնալ ընկերությունների համար։

Այստեղ աշխատանքը պահանջում է բարդ լոգիստիկա, հատուկ տեխնոլոգիաներ և սեզոնային կարճ ժամանակահատվածներ սառցե ճանապարհների ու հարթակների կառուցման համար։ Ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -30°C։

Սակայն արկտիկական հանքավայրերն ունեն կարևոր առավելություն․ դրանք զգալիորեն ավելի խոշոր և կայուն են, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասում գտնվող թերթաքարային բազմաթիվ նախագծերը։

Ի տարբերություն թերթաքարային հորերի, որտեղ արդյունահանումը արագ նվազում է, ավանդական արկտիկական հանքավայրերը կարող են տասնամյակներ շարունակ ապահովել կայուն արդյունահանում։

«Այստեղի ներուժն իսկապես եզակի է», — նշում են Wood Mackenzie-ի վերլուծաբանները։

Բնապահպանները զգուշացնում են ռիսկերի մասին

Սակայն Արկտիկա նավթային վերադարձը գնալով ավելի շատ վեճեր է առաջացնում։

Բնապահպանական կազմակերպությունները զգուշացնում են, որ արդյունահանման ընդլայնումը սպառնում է մոլորակի ամենախոշոր անխաթար էկոհամակարգերից մեկին։

Տարածաշրջանը կարևոր դեր է խաղում թռչունների, արկտիկական կենդանիների միգրացիայի և ամբողջ հյուսիսային էկոհամակարգի հավասարակշռության համար։

Հատուկ անհանգստություն է առաջացնում ազդեցությունը կարիբուների, կետերի և այլ տեսակների պոպուլյացիաների վրա, որոնցից կախված են տեղական բնիկ ժողովուրդները։

«Այժմ մենք տեսնում ենք ոչ թե հավասարակշռված մոտեցում, այլ իսկական ոսկե տենդ», — հայտարարում են Natural Resources Defense Council-ի ներկայացուցիչները։

Ալյասկան կրկին փոխում է էներգետիկ քարտեզը

Այնուամենայնիվ, ոլորտն ավելի ու ավելի վստահ է խոսում նոր դարաշրջանի սկզբի մասին։

Ալյասկայի նավթի մայրամուտի մասին տասնամյակների խոսակցություններից հետո տարածաշրջանը կրկին հայտնվել է ԱՄՆ-ի գլոբալ էներգետիկ ռազմավարության կենտրոնում։

Եվ եթե դեռ վերջերս Տրանսալյասկայական խողովակաշարի ապագան թվում էր հարցականի տակ, ապա այժմ Հյուսիսային լանջում արդյունահանման ծավալները կրկին աճում են։

«Ես երբեք չէի մտածում, որ կվերադառնամ այստեղ աշխատելու», — խոստովանում է Ջոն Կուրցը։

«Իսկ հիմա միտումը կրկին վեր է գնում»։