Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը որոշում է կայացրել՝ ազգային փոքրամասնությունների դպրոցները եւս ընդգրկել անվճար կաթի հատկացման նախագծում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը հայտարարել է, թե հաջորդ շաբաթվանից ազգային փոքրամասնություններին պատկանող թվով 44 դպրոցներ (16-ը հայկական դպրոցներ են) եւս անվճար կաթ կստանան։ Նախարարը շեշտել է, թե անվճար կաթի բաժանման ծրագրում ազգային փոքրամասնությունների դպրոցները չկային, քանի որ դրանք մասնավոր էին, սակայն հետագայում այդ կետն ուղղվել է։

Նշենք, որ Թուրքիայում մեկնարկել էր դպրոցների 1-ից 5-րդ դասարանների աշակերտներին անվճար կաթ բաժանելու ծրագիր, որի առաջին օրերին տարբեր դպրոցների մոտ 2000 աշակերտներ թունավորումներով հայտնվել են հիվանդանոցում։