ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և հայտարարել, որ Վաշինգտոնը վեցամսյա ստուգումներ է սկսում Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը վերանայելու նպատակով, հայտնում է NBC News-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետագա դերը կախված կլինի նրանից, թե եվրոպական երկրները որքան արագ կստանձնեն սեփական անվտանգության պատասխանատվությունը։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում Հեգսեթը նշել է.

«Սա լինելու է իրական վերանայում։ Դրա նպատակն է համոզվել, որ ՆԱՏՕ-ն արագ ու անդառնալիորեն գնում է նրան, որ հենց Եվրոպան ստանձնի սեփական պաշտպանության համար առաջատար դերն ու հիմնական պատասխանատվությունը»։

Պենտագոնի ղեկավարը նաև քննադատել է եվրոպական որոշ դաշնակիցների՝ Իրանի դեմ գործողությունների համար ամերիկյան ուժերին բազաներ և օդային տարածք չտրամադրելու պատճառով՝ այդ քայլն անվանելով «ամոթալի»։

«Այս դաշնակիցները վտանգի տակ են դրել ամերիկացի զինվորներին՝ մեր տղաներին ու աղջիկներին, քանի որ նրանց զրկել են բազաների հասանելիությունից, տեղակայման հնարավորությունից և օդային տարածքով թռիչքների իրավունքից։ Մինչդեռ այս ամենը նույնիսկ քննարկման առարկա չպետք է դառնար»,— հայտարարել է նա։

Հեգսեթը կոչ է արել վերագործարկել Հյուսիսատլանտյան դաշինքը և ստեղծել այսպես կոչված «ՆԱՏՕ 3.0»՝ մի կառույց, որն ի վիճակի կլինի ինքնուրույն զսպել ցանկացած սպառնալիք։

«ՆԱՏՕ 3.0-ն այն իրողության ընդունումն է, որ Սառը պատերազմի ավարտից հետո դաշինքը պետք է վերադառնա իրական ռազմական կարողություններով օժտված կոշտ ռազմական միության դերին։ Այն պետք է պատրաստ լինի զսպման քաղաքականություն իրականացնել հենց այստեղ՝ եվրոպական մայրցամաքում, և առաջատար դեր ստանձնի Եվրոպայի ավանդական պաշտպանության գործում»,— ասել է նախարարը։

Հեգսեթի խոսքով՝ Միացյալ Նահանգները նախատեսում է 2027 թվականին 1.5 տրիլիոն դոլար ներդնել պաշտպանության ոլորտում՝ այդպիսով աշխարհին ազդակ ուղարկելով, որ Ամերիկան ստեղծում է «ազատության զինանոց»։

«Այս զինանոցն առաջին հերթին պաշտպանում է Ամերիկան ու ամերիկյան շահերը, բայց այն նաև հենասյուն է ՆԱՏՕ-ի ու մեր դաշնակիցների հզորության համար»,— նշել է նա։

Նախարարի այս հայտարարությունները հնչել են այն բանից շաբաթներ անց, երբ Վաշինգտոնը տեղեկացրել էր դաշնակիցներին, որ Եվրոպայում ճգնաժամի դեպքում այլևս մտադիր չէ ավտոմատ կերպով տրամադրել իր հիմնական ռազմական ռեսուրսների մի մասը։ Խոսքը, մասնավորապես, ավիակիրների, ապահովման նավերի, լիցքավորող ինքնաթիռների և տասնյակ կործանիչների մասին է։

Դոնալդ Թրամփի վարչակազմն այս մոտեցումը բացատրում է նրանով, որ անհրաժեշտ է միաժամանակ պատրաստվել հնարավոր երկու հակամարտության և ավելի շատ ռեսուրսներ պահել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ հավանական դիմակայության համար։

Այդուհանդերձ, ԱՄՆ-ը չի պլանավորում Եվրոպայից դուրս բերել իր միջուկային զենքը, որը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի զսպման համակարգի առանցքային տարրերից մեկը։ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները ֆորմալ առումով ուժի մեջ են մնում, սակայն Վաշինգտոնը փաստացի կրճատում է ռազմական աջակցության այն ծավալը, որը պատրաստ էր տրամադրել դաշնակիցներին ճգնաժամային իրավիճակներում։