Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները եղել են պլյուրալիստական ու բավական ազատ քաղաքական սուբյեկտների համար: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ առումով մեծ առաջընթաց կա:
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ երեւում էր, որ բոլոր ուժերը հնարավորություն ունեին ազատ արտահայտվել, անցկացնել ազատ միտինգներ»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում վերջին 2-3 տարիների ընթացքում մթնոլորտը էապես փոխվեց, քաղաքական մթնոլորտը լիբերալ, ազատական է, ավելի մեղմ է, ինչը պետք է արտահայտվեր նաեւ ընտրություններում:
«Նույնիսկ ընտրության օրը ահագին նորմալ իրավիճակ էր, նախորդ անգամ մոտ հարյուր վստահված անձ էր ընկել հիվանդանոց, իսկ այս անգամ կարծես նման բաներ չեղան»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր խոսքերի ապացույցն այն է, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը հայտարարեցին մանդատները վերցնելու մասին, ինչը ցույց է տալիս, որ նրանք ընդունում են ընտրությունների արդյունքները:
«Գլխավոր բացասական ֆոնը գալիս էր մեծամասնականից, ակնհայտ է, որ մեծամասնականով առաջադրված օլիգարխները թքած ունեն կուսակցության վրա եւ փողեր բաժանելու մասին լսել ենք հենց մեծամասնականների հետ կապված»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ դեռեւս խնդիր է վարչական ռեսուրսի օգտագործումը եւ դրա ազդեցությունը կար այս ընտրություններին: «Այն, որ այսօրվա պառլամենտը առկա պատկերն արտահայտում է, ես վստահ եմ: Վարչական ռեսուրսի էֆեկտն այն է, որ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող ուժերի մեջ տարբերությունը մեծ է»,- նշեց նա:
Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ դիտորդների՝ այս ընտրությունների գնահատականը ավելի խիստ էր, քան 2007թ էր, ինչին եւս պետք է ուշադրություն դարձնել:
Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























