Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, թե Թուրքիան սպասում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո կվերականգնվեն երկկողմ բարեկամական հարաբերություններն ու կվերանա Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում Ֆրանսիայի բացասական դիրքորոշումը։
Ինչպես տեղակացնում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք Ֆրանսիայում սկսվել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու նախաձեռնություն, Թուրքիան Ֆրանսիայի դեմ որոշ միջոցառումներ է ձեռնարկել։
Սելչուք Ունալը նշել է, թե իրենք հետեւել են նախագահի թեկնածուների նախընտրական հայտարարություններին, սակայն Թուրքիան կսպասի մինչ Ֆրանսիայի նոր կազմավորվելիք կառավարությունը քայլեր կիրականացնի, որից հետո Թուրքիան կորոշի իր անելիքները:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է նաեւ, որ Թուրքիան Ֆրանսիայում եւս 2 հյուպատոսություն բացելու համար դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Նշենք, որ դեռ նախորդ տարի խորհրդարանի ստորին պալատում օրինագծի քննարկումների ժամանակ Թուրքիան մի շարք սահմանափակումներ էր մտցրել Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Այսպես, դեկտեմբերին դադարեցվել են Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական եւ տնտեսական ոլորտներում ունեցած կապերը, հետաձգվել են քաղաքական խորհրդատվական բնույթի հանդիպումները, զորավարժությունները: Անկարան խոստանում է փուլ առ փուլ նոր պատժամիջոցներ կիրառել` կախված օրինագծի շուրջ իրավիճակի զարգացումից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում քայլեր է ձեռնարկելու՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի Սենատ բերելու համար։ Նա պնդել էր, թե Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցության համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը։


























