«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատասենյակի իրերը, այդ թվում՝ նրա մարզչական բաճկոնը, աթոռը, լամպը, սուրճի սպասքը, հուշանվերներն ու անուշաբույր բույսերի հավաքածուն, դրվել են առցանց աճուրդի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գվարդիոլան հեռացել է «Սիթիից» անցյալ մրցաշրջանի ավարտին՝ թիմը ղեկավարելով տասը տարի։ Այդ ընթացքում նա ակումբին հասցրել է Պրեմիեր լիգայի վեց տիտղոսի, ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության գավաթները։
«Սիթիի» ներկայացուցիչները տեղադրել են իսպանացի մասնագետի աշխատասենյակի 360 աստիճան տեսադաշտով հղումը, որտեղ վաճառքի հանված նմուշները նշված են MatchWornShirt հարթակում աճուրդին մասնակցելու համար, հաղորդում է Reuters-ը։
Հավաքածուի մեջ է ներառված նաև Էրլինգ Հոլանդի՝ Պրեմիեր լիգայում խփած 100-րդ գոլի առթիվ նկարազարդված ֆուտբոլային գնդակը, որի վրա կա նաև ֆուտբոլիստի ստորագրությունը։ Այս նմուշի համար տրվող աճուրդային արժեքն արդեն հասնում է գրեթե 3000 եվրոյի, իսկ աճուրդը կփակվի կիրակի օրը։
Երկրպագուները կարող են պայքարել նաև Գվարդիոլայի մարզչական սուլիչի, ինչպես նաև շրջանակված լուսանկարների համար. դրանցից մեկում իսպանացի մասնագետը նկարված է նվաճած տիտղոսների ֆոնին։
Նրա անձնական հուշանվերների հավաքածուն ներառում է երկու կերամիկական կրիա և նախշազարդ աստղ, որոնց համար արդեն առաջարկվել է 111 եվրո։
«Սիթին» ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակել Էնցո Մարեսկային և Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 23-ին՝ «Բորնմութի» դեմ տնային հանդիպումով։





























