Ամենօրյա հոգածություն և շոշափելի արդյունքներ. Հայէկոնոմբանկն ու Զինվորի տունը ներկայացնում են մեկամյա նախաձեռնության արդյունքները:
2025թ. Բանկի տարեկան ժողովին կորպորատիվ պատասխանատվության շրջանակում հայտարարվեց Զինվորի տան հետ կարևոր ծրագրի մեկնարկի մասին, որի համար հատկացվեց 50 մլն դրամ: Ծրագիրը 2 հիմնական բաղադրիչ ուներ. առաջինը կրթական ծրագիր էր զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ, իսկ երկրորդ բաղադրիչն ուղղված էր Զինվորի տան թողունակության մեծացմանը՝ ստացիոնար բուժման հնարավորությունների ավելացմամբ։
Կրթական ծրագրի շրջանակում՝
շուրջ 30 շահառու անցել է ընդհանուր 93 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստում, որը ներառել է օտար լեզուների, համակարգչային հմտությունների, «փափուկ» հմտությունների (soft skills) դասընթացներ և բանկային գործի վերաբերյալ սեմինար-քննարկումներ,
14 մասնակից հետաքրքրված է եղել Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ,
7 մասնակից հաջողությամբ ներգրավվել է պրակտիկայի ծրագրում,
4 շահառու շարունակել է վճարովի ստաժավորումը Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում,
նոր հաստիքների առկայությանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցների ներգրավումը Բանկի թիմում շարունակվելու է:
Ենթակառուցվածքների բարելավման շրջանակում՝
ամբողջացվել և կարգավորվել է շենքի հակահրդեհային համակարգը՝ որպես կարևոր անվտանգության բաղադրիչ,
արդիականացվել է 6 տոննա տարողությամբ ջրի ռեզերվուարի ամբողջական համակարգը, փոխարինվել է շենքի ջեռուցման և տաք ջրի համակարգի գլխավոր պոմպը,
կենտրոնի վիրաբուժական և վերականգնողական բաժանմունքները համալրվել են նորագույն բժշկական սարքավորումներով և գործիքներով,
ձեռք է բերվել Hongqi մակնիշի էլեկտրական ավտոմեքենա, որը ծառայում է շահառուների կարիքներին,
իրականացվել են լայնածավալ նորոգման և կառուցապատման աշխատանքներ:
«Այս ծրագիրը Զինվորի տան հետ Հայէկոնոմբանկի առաջին համագործակցությունն էր, և կարճ ժամանակահատվածում արձանագրել ենք իրապես շոշափելի արդյունքներ: Մենք առանձնակի ուշադրությամբ և հոգածությամբ ենք իրականացրել այս ծրագիրը՝ կարևորելով հայրենիքի պաշտպանների համար առավել անվտանգ ու հարմարավետ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց մասնագիտական ինտեգրումն ու կայուն աշխատանքով ապահովումը», - նշում է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը:
Իր հերթին, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, նշում է. «Հայէկոնոմբանկի շնորհիվ Զինվորի տունը կարողացավ լուծել երկարաժամկետ խնդիրներ: Թե՛ կրթական, թե՛ վերանորոգման և թե՛ մյուս հարցերը, որ լուծում ստացան Բանկի աջակցության շնորհիվ՝ էական փոփոխություններ են ենթադրում զինհաշմանդամների կյանքում և Զինվորի տան աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու հարցում: Պատերազմից այսքան տարի անց սոցիալական նման մեծ պատասխանատվությունը բացառիկ երևույթ է»:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




























