Սոուլ ոճի երգչուհի Էմի Ուայնհաուսի հեղինակային նկարը, որն արվել էր հենց նրա սեփական արյամբ, Լոնդոնի աճուրդում վաճառվել է 35 հազար ֆունտով (56 հազար դոլար), հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  Ladylike մակագրությամբ նկարը ներկայացվել էր  հայտնի նկարիչ եւ սկսնակ երաժիշտ Փիթ Դոերթիի նկարների աճուրդի շրջանակում, որը  երգչուհու մտերիմ ընկերն է եղել: 

Դոերթիի խոսքով` նկարի վրա աշխատելիս  Ուայնհաուսը հոր հետ հեռախոսով խոսելիս է եղել: Իր հերթին երգչուհու հայրը կասկած է հայտնել դիմանկարի իսկության կապակցությամբ եւ նկարի ստեղծման մասին Դոերթիի պատմությունն անվանել «բացարձակ անհեթեթություն»:

Սպասվում էր, որ արյունոտ նկարը, որն ուրվագծերով պատկերում է կանացի գլուխ, կվաճառվի մոտավորապես 62-99 հազար եվրոյով: