Ամերիկյան դերասանուհի Ջենիֆեր Հադսոնի ընտանիքին սպանել է փեսան: Իլինոյս նահանգի ատենակալների հանձնաժողովը տղամարդուն մեղավոր է ճանաչել Հադսոնի մոր, եղբոր եւ քրոջ յոթնամյա որդու կանխամտածված սպանության մեջ:
Հետաքննության վարկածով` 31-ամյա Ուիլյամ Բելֆորը սպանություն է գործել խանդի հողի վրա, իսկ սպանության անմիջական առիթ է դարձել կնոջ` իր մոտ վերադառնալու մերժումը: Բելֆորը հերքում է սպանությանը այս կամ այն կերպ մասնակցելու փաստը եւ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Սպանությունները կատարվել էին 2008թ. հոկտեմբերին: Հայտնի դերասանուհու մոր եւ եղբոր` 59-ամյա Դարնել Դոներսոնի եւ 29-ամյա Ջեյսոն Հադսոնի դիակները հայտնաբերվել էին Չիկագոյի հարավում գտնվող նրանց տանը: Երկու օր անց Ուիլյամ Բելֆորի տնից 3 կմ հեռու ավտոմեքենայում սպանված վիճակումգտել էին Ջուլիա Հադսոնի յոթնամյա որդուն, հաղորդում է utro.ru-ն:
Բելֆորը եռակի սպանության միակ կասկածյալն է: Ջուլիայի ընկերների վկայությամբ` նա սպառնացել է առեւանգել երեխային: Ավելի վաղ Հադսոնի փեսան յոթ տարի անցկացրել է բանտում` սպանության փորձի եւ ավտոմեքենայի առեւանգման համար:
Ջենիֆեր Հադսոնը հռչակ է ձեռք բերել 2005թ.` «Ամերիկյան կուռք» հաղորդման շնորհիվ: Մեկ տարի անց նա «Օսկար» է ստացել իր առաջին` «Երազանքի աղջիկներ» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Բացի այդ, նա նկարահանվել է «Սեքսը մեծ քաղաքում» եւ «Մեղուների գաղտնի կյանքը» ֆիլմերում:




























