Հավայան կղզիներում կալիֆոռնիացի ընտանիքի հանգիստը վերածվել է արյունալի սարսափի․ Մաուիի էլիտար հանգստավայրի տարածքում նրանց վրա հարձակվել է տեղացի դեռահասների ամբոխը։ Հարձակվողները վիրավորական գոռգոռոցներ են արտաբերել «հաոլե»-ի (տեղական տերմին սպիտակամորթ մարդկանց կամ եկվորների համար) հասցեին և դաժանորեն ծեծի են ենթարկել զբոսաշրջիկներին՝ նրանցից մեկին թողնելով գլխի ծանրագույն վերքով, գրում է Metro-ն։
Զանգվածային ծեծկռտուքը բռնկվել է հուլիսի 17-ին Արևմտյան Մաուիի Kaanapali Alii էլիտար ապարտ-հյուրանոցի տարածքում։ Ոստիկանական պարեկը ժամանել է համալիրի լողավազանի մոտ մոտ 30 մարդու մասնակցությամբ անկարգությունների մասին ահազանգով։
Կալիֆոռնիայից ժամանած 17-ից 62 տարեկան յոթ զբոսաշրջիկները ոստիկանությանը հայտնել են, որ իրենց վրա հարձակվել են այն բանից հետո, երբ տեղացի երիտասարդների խումբը սկսել է փողոցային կահույք նետել իրենց ուղղությամբ։ Ծեծկռտուքի հետևանքով առնվազն վեց տուժած կա։
Սպաների ժամանման պահին տեղում մնացել է 10-ից 15 մարդ, որոնցից շատերի մոտ նկատելի են եղել վնասվածքների և ծեծի հետքեր, հայտնել են Մաուիի ոստիկանական դեպարտամենտից։
Տուժածների ընտանիքը համոզված է, որ իրենց թիրախավորել են հենց մաշկի սպիտակ գույնի պատճառով, և պնդում է, որ քննիչները հարձակումը որակեն որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Այնուամենայնիվ, ոստիկանությունը դեռ չի շտապում գործին պաշտոնական կարգավիճակ տալ։
Տուժածի ազգական Ջոզեֆ Հեդֆիլդը նշել է, որ դաժան հարձակումից առաջ ռասիստական բնույթի սպառնալիքներ են հնչել տեղացիների խմբի առաջնորդ հանդիսացող աղջկա կողմից․ «Նրանք երեքով էին, բայց հրահրողը մեկն էր, — հիշում է Հեդֆիլդը։ — Նա մոտենում էր մարդկանց, գոռում ուղիղ դեմքներին ու սպառնում․ «Այս երեկո մենք ծեծելու ենք ձեր տղաներին։ Մենք ծեծելու ենք այս սպիտակ տղաներին»»։
Հեդֆիլդի խոսքով՝ իրավիճակն ակնթարթորեն դուրս է եկել վերահսկողությունից․ դեռահասները սկսել են լողավազանի ծանր պլաստիկե և մետաղական կահույքն օգտագործել որպես զենք։ «Երեխաները պարզապես սկսել են մարդկանց հարվածել աթոռներով», — հիշում է նա։
Ազգականներից մեկը փորձել է մարմնով ծածկել ընտանիքի մյուս անդամներին, սակայն աթոռով հարված է ստացել գլխին։ Ավելի ուշ բժիշկները ստիպված են եղել 13 մետաղական կար դնել պատռված վերքը կարելու համար։
Իշխանությունների և հանգստավայրի սեփականատերերի արձագանքը
Ազգականների փոխանցմամբ՝ դաժան հարձակումը դարձել է ողջ երեկոյի ընթացքում խորացող լարվածության հանգուցալուծումը։ Մաուիից տեղացի դեռահասների նույն խումբը նախ Whalers Village առևտրի կենտրոնի մոտ էր վեճի բռկնվել զբոսաշրջիկների հետ, որից հետո տեղափոխվել էր հյուրանոցի տարածք։
Իրավապահները ձերբակալել են Մակավաո քաղաքի 20-ամյա մի բնակչի՝ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։ Սակայն, քանի դեռ դետեկտիվները շարունակում են քննությունը, նրան ազատ են արձակել ստորագրությամբ։
«Մենք գիտակցում ենք այս միջադեպին ներգրավված բոլոր անձանց համար առկա ողջ ծանրությունը և հանձնառու ենք մանրակրկիտ, արդար և անկողմնակալ քննություն անցկացնել», — նշել է Մաուիի ոստիկանության ներկայացուցիչ Ալանա Փիկոն։





























