Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը պատրաստվում է բնակվել Սեն-Սյուլպիսում (Շվեյցարիա), որտեղ ֆրանսիացի երգիչը լճից ոչ հեռու հողամաս եւ առանձնատուն է գնել, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Ինչպես հաղորդում է շվեյցարական Tribune de Genève թերթը, լողավազանի եւ երկրորդ տան շինարարությունը նախատեսված է հունիսին:
Ազնավուրի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկատվությունը: Աղբյուրի փոխանցմամբ, տան շինարարությամբ եւ կահ կարասիով զբաղվում է երգչի կինը:
Դեռ հայտնի չէ երբ է երգիչը Ժնեւի կանտոնից տեղափոխվելու Վո կանտոն: Նրա որդիներից մեկը, ով ներկայումս աշխատում է EPFL-ում, արդեն ապրում է Սեն-Սյուլպիսում:
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը նախորդ ամիս համերգային շրջագայության էր մեկնել ԱՄՆ, մի քանի օրից նա կնշի իր ծննդյան 88-րդ տարեդարձը:




























