Yahoo! Ինտերնետ-ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը թողած Սքոթ Թոմփսոնը հեռանալուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Yahoo!-ի գլխավոր տնօրեն Սքոթ Թոմփսոնը, որն ընկերությունը գլխավորում էր 2012 թվականի հունվարից, հրաժարական էր տվել ռեզյումեի հետ կապված սկանդալի պատճառով: Yahoo!-ի գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության լրատվական բաժնի ղեկավար Ռոս Լեւինսոնը:
Ս. Թոմփսոնի հրաժարականը փորձագետները կապում են հենց ընկերության անդրկուլիսային պայքարի հետ: Դիտորդները հիշեցնում են, որ Ս. Թոմփսոնի նկատմամբ հետաքնությունը կազմակերպել է Third Point ներդրումային ընկերության ղեկավար Դանիել Լեբը, որի ընկերությանը պատկանում է Yahoo!-ի բաժնետոմսերի 5,6% -ը, հայտնում է rbc-ն:
Աղմուկն սկսվել էր Դանիել Լեբի այն հրապարակումից հետո, ըստ որի իր ներկայացրած ինքնակենսագրականում Թոմփսոնը չունի համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում գիտական աստիճան, իրականում նա միայն տնտեսագետի բակալավրի աստիճան ունի:
Yahoo!-ի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Թոմփսոնի ինքնակենսագրականում IT-ի ոլորտում տվյալները հրապարակվել են սխալմամբ: Սակայն Լեբը պահանջել էր Թոմփսոնի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Թոմփսոնը Yahoo!-ում վերակառուցողականության ռազմավարություն էր կազմակերպել, ըստ որի` ապրիլի սկզբին ընկերությունն սկսել էր շուրջ 2 հազար աշխատողների կրճատում` ընդհանուր քանակի 14%-ը: Yahoo!-ում հուսով են, որ կրճատումները թույլ կտան տնտեսել տարեկան 375 միլիոն դոլար:
Մինչդեռ, Լեւինսոնը նույնպես չունի IT կրթություն, նա միայն հաղորդակցման ոլորտում հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ունի, որն ստացել էր The American University-ում:




























