Արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում Ազգային ժողովը մեծ անելիք ունի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ընդդիմությունից փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ օգոստոսի 6-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծել է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության ապահովման, ինչպես նաև քաղաքական փոփոխություններ իրականացնելու կարևորությունը։ «Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ են անհրաժեշտ, այդ թվում՝ քաղաքական և խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ փոփոխություններ», — ասել է Վարդևանյանը։

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է փոխել ընդդիմության պատրաստած օրենսդրական նախաձեռնությունների քննարկման մոտեցումը։ Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացրած նախագծերը հաճախ բացասական եզրակացություններ են ստանում խորհրդարանական մշտական հանձնաժողովներում՝ այդպես էլ չհասնելով լիագումար նիստերի քննարկմանը։

«Թող Ազգային ժողովն իսկապես օրինագծերի և հայտարարությունների նախագծերի քննարկման վայր դառնա։ Անկախ նրանից, թե ինչպես կընթանա նախագծի քվեարկությունը, այն պետք է քննարկվի նիստերի դահլիճում», — նշել է Վարդևանյանը։