Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանությունը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` չսպասելով «գազային գործի» վերաբերյալ հանրապետության մասնագիտացած գերագույն դատարանի որոշմանը:

Գերագույն դատարանը «գազային գործի» դիտարկմանը ձեռնամուխ է եղել այսօր` մայիսի 15-ին: Տիմոշենկոն ինքը դահլիճում չի եղել, ներկա պահին նա բուժում է ստանում Խարկովի հիվանդանոցում: Նախկին վարչապետի բացակայության պատճառով մեղադրող կողմի ներկայացուցիչները խնդրել են հետաձգել բողոքի դիտարկումը, ինչն էլ արվել է, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Տվյալ որոշման հրապարակումից հետո նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն ասել է. «Ես դիմում եմ Յանուկովիչին. Եթե կարծում եք, որ այսօրվա որոշմամբ դուք մեր առաջ փակեցիք Եվրոպական դատարանի ուղին, դուք սխալվում եք: Այսօրվա նիստը մենք համարում ենք վերջնական որոշում եւ գնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- փոխանցում է «Ունիանը»:

Վլասենկոն իշխանություններին մեղադրել է  գործընթացը դիտավորյալ ձգձգելու մեջ եւ հայտարարել, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  «դրան գնահատական կտա»:

Տիմոշենկոն 2011թ. օգոստոսին` կալանավորվելուց քիչ ժամանակ անց,  արդեն բողոք ներկայացրել էր Ստրասբուրգի դատարան: Իր նամակում նախկին վարչապետը գրել էր, որ իշխանությունները հետապնդում են իրեն քաղաքական դրդապատճառներով, վիճարկել էր իրեն բանտում պահելու օրինականությունը, ինչպես նաեւ հայտարարել բանտային վատ պայմանների մասին: 2012թ. մարտի 16-ին  հաղորդվել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինայի կառավարությանը հանձնարարել էր Տիմոշենկոյին համապատասխան հաստատությունում անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովել: