«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներին առաջարկել է հետաքրքրվել Նիկոլ Փաշինյանից, թե երբ է նա մտադիր հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։
Դատարանի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչը, չպատասխանելով այն հարցին, թե իր՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է, առաջարկել է այդ հարցը հասցեագրել Փաշինյանին, որը «այսքան դժբախտություն է բերել երկրին»։
Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը մտել է «չորրորդ Հանրապետություն», Կարապետյանը նկատել է, որ Փաշինյանը «մինչև 10-րդ հանրապետություն էլ կհասցնի», ընդ որում դա անելու է հիմնականում տարածքներ հանձնելով։ «Կհասցնի մինչև Լոռին հանձնելուն, ես այդ մասին արդեն մի անգամ ասել եմ», - հնչեցրել է Կարապետյանը իր մռայլ կանխատեսումը։
Նա անդրադարձել է Փաշինյանին հեռացնելու գաղտնի ծրագրին՝ խոստանալով մոտ ապագայում արդյունքներ։ Խոսելով սփյուռքը «չեզոքացնելու» փորձերի մասին՝ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունները ամեն ինչ անում են դրսից տրված հրահանգով, որպեսզի սփյուռքը չունենա աջակցություն և մասնակցություն Հայաստանի զարգացմանն ու քաղաքական կյանքին։ «Նրանց թվում է, թե այդպես կկարողանան ավելի երկար վայելել իշխանությունը, բայց սխալվում են», - կարծում է քաղաքական գործիչը։ Նա կրկնել է ավելի վաղ արված այն հայտարարությունը, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացը մեր ազգի ամոթն է։ Սակայն Կարապետյանը վստահ է, որ կառավարության 2026-31 թթ. ներկայացված ծրագրում արտացոլված՝ Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխման» և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փոխելու ծրագրերը դատապարտված են ձախողման։
Կարապետյանը պատասխանել է նաև հայտարարագրի վերաբերյալ հարցին՝ վստահեցնելով, որ այնտեղ նշված անշարժ և շարժական գույքը այն ամենն է, ինչ ինքը տիրապետում է երկրում։
Նա խորհրդարանական խմբակցության աշխատանքը գնահատել է «լավ», և ընդհանուր առմամբ կարծում է, որ, չնայած սուր բանավեճերին, պատգամավորներին առայժմ հաջողվում է մնալ քաղաքակիրթ քննարկումների շրջանակում։ Նախկինների հետ կապերի վերաբերյալ մեղադրանքների մասին հարցը Կարապետյանը մեկնաբանել է՝ հիշեցնելով, որ իր եղբայրը իր մարզում ավելի շատ ձայն է հավաքել, քան Փաշինյանն ու նրա ամբողջ թիմը միասին։ «Ռուսական ազդեցության» վերաբերյալ քաղաքական գործիչը նշել է, որ վայելում է հարգանք թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում։ «Թող իրենք (Հայաստանի իշխանությունները - խմբ.) մտածեն այն մասին, որ իրենց նույնիսկ սեփական ընտանիքներում չեն հարգում», - խորհուրդ է տվել Կարապետյանը։



























