Հաագայում դատարանի առաջին նիստում նախկին գեներալ Ռատկո Մլադիչը հեգնանքով եւ  վեր բարձրացրած բթամատով է դիմավորել տրիբունալի դատավորներին:

Դատախազ Դերմոտ Գրումը ելույթը սկսել է տեսաշնորհանդեսից, որում պատմվել է գեներալին մեղագրվող արարքների մասին:

Մլադիչին կասկածում են 1995թ. Սրեբրենիցա գյուղում 7 հազար մահմեդական կանանց եւ տղամարդկանց սպանության մեջ, նաեւ Սարաեւո քաղաքի շրջափակման համակարգման: Շրջափակումը տեւել է 3,5 տարի եւ դրա արդյունքում զոհվել են ավելի քան 10 հազար մարդ:

Սրեբրենիցայում եւ Սարաեւոյում կատարվածը Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինից հետո կարատված ամենալուրջ հանցագործություններն են:

Դատախազը հայտնել է, որ 16-ից 60 տարեկան տղամարդկանց տարել են հարցաքննության, ըստ Մլադիչի «նրանց հնարավոր մեղսակցությունը պարզելու համար»: Հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում 7,5 հազար բոսնիացիներ են սպանվել:

Սպասվում է, որ փաստարկներ բերելու համար մեղադրանքի կողմից կպահանջվի 200 ժամ, հանդես կգան 400 վկաներ:

Դատարանում ներկա են եղել զոհերի մի քանի հարազատներ, որոնք դատարանի դահլիճում բղավում էին «Մարդասպան»: