Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստովանել է, որ Սիրիան տեղեկատվական պատերազմում պարտվում է Արեւմուտքին: Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի հարցազրույցում նա նշել է, որ Արեւմուտքում հրապարակվել է բավականին մեծ քանակությամբ սուտ տեղեկատվություն:

«Նրանք մեզ հաղթեցին… ճգնաժամի ամենասկզբում… նրանք հորինում էին տարբեր պատմություններ: Դա սուտ է, կամ բամբասանք, կամ կեղծ մեղադրանքներ, ինչպես էլ նրանց որ անվանես, այդ ամենն օճառի փրփուրներ են, նրանք կարճ կյանք ունեն: Ամենակարեւորն իրական կյանքում հաղթելն է», - ասել է նա:

Նա նաեւ նախորդ շաբաթ սիրիական խորհրդարանի ընտրությունները գնահատել է որպես բարեփոխումների ուղղությամբ կատարված իրական քայլ, որն սկսել էր իրագործվել 2011 թվականի մարտի զանգվածային ելույթներից հետո: «Սիրիական ժողովուրդը չվախեցավ ահաբեկիչների սպառնալիքներից, որոնք փորձում էին  տապալել ընտրությունները կամ ստիպել մեզ դրանք հետաձգել», - ասել է Ասադը: Ըստ նրա` ընտրություները արդյունքները հաստատել են, որ սիրիացիներն աջակցում են  կառավարության բարեփոխումներին:

Ըստ Ասադի` ներկայումս իշխանությունների կարեւորագույն խնդիրն ահաբեկչության դեմ պայքարն է: «Այժմ Սիրիայում  դրված է ահաբեկչության խնդիրը: Ինչ-որ մեկին թվում է, որ եթե մենք բարեփոխումներն անցկացնեինք նախկինում, իրադրությունն այժմ ավելի լավ կլիներ: Սակայն ահաբեկիչները թքած ունեն բարեփոխումների վրա, նրանք պայքարում են հանուն ահաբեկչության… Քաղաքական  ուղղությունը մեզ չի ազատի ահաբեկչությունից: Կան ահաբեկիչներ, եւ նրանց դեմ պետք է պայքարել», - բացատրել է սիրիական պետության  ղեկավարը: