ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները ճնշում են գործադրում Իսպանիայի և Հունաստանի վրա՝ ձգտելով Ուկրաինային փոխանցել ամերիկյան Patriot համալիրների համար լրացուցիչ հրթիռ-որսիչներ։ Ռուսական օդային հարվածների ուժգնացման ֆոնին Կիևը հակաօդային պաշտպանության միջոցների պակաս է զգում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են ամռանից։ Մասնավորապես, քննարկվել է տարբերակ, ըստ որի Նորվեգիան կարող էր հրթիռներ գնել երկրներից մեկից, ապա դրանք փոխանցել Ուկրաինային։ Թեման կքննարկվի երեքշաբթի և չորեքշաբթի Իռլանդիայում կայանալիք ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Գլխավոր հարցը հակաօդային պաշտպանությունն է։ Ուկրաինային չեն հերիքում որսիչները»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Հատկապես մեծ պահանջարկ ունեն Patriot համալիրների PAC-2 հրթիռները։ Իսպանիան և Հունաստանը Ուկրաինայի դաշնակիցների շրջանում ունեն նման զինամթերքի ամենախոշոր պաշարներից։ Ընդ որում, հրթիռների մի մասի պահպանման ժամկետը մոտենում է ավարտին, ինչը, եվրոպացի պաշտոնյաների կարծիքով, ավելի նպատակահարմար է դարձնում դրանց փոխանցումը Կիևին։
«Մենք գիտենք, որ որոշ երկրներ ունեն որսիչներ, որոնց պիտանելիության ժամկետը շուտով կավարտվի։ Շատ լավ կլիներ, եթե դրանք փոխանցվեին Ուկրաինային»,- ասել է Կալլասը։
Հունաստանը առայժմ դիմադրում է ճնշմանը։ Աթենքը նշում է, որ անհրաժեշտ է պահպանել հրթիռները սեփական պաշտպանության համար՝ Թուրքիայի հետ երկարամյա մրցակցության ֆոնին։ Իսպանիան 2026 թվականին խոստացել է Ուկրաինային տրամադրել 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։
Խնդիրը միայն հրթիռների առկայությունը չէ։ Եվրոպական շատ երկրներ մտավախություն ունեն, որ իրենց Patriot-ների փոխանցումը կթուլացնի իրենց պաշտպանունակությունը։ Բացի այդ, նոր որսիչների արտադրությունը զգալի ժամանակ է պահանջում, իսկ Patriot և եվրոպական SAMP/T համալիրները բախվում են մատակարարումների ուշացումների։
Մոտակա ամիսներին Ուկրաինայի համար սպառազինության մի մասը կարող է մատակարարվել PURL ծրագրի շրջանակում, որի համաձայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները Կիևի համար ամերիկյան զենք են գնում։ Միաժամանակ ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկը լրացուցիչ Patriot-ների գնման համար օգտագործելու հնարավորությունը։ Ֆրանսիան և Իտալիան կողմ են, որ միջոցներն ուղղվեն եվրոպական SAMP/T համակարգերին, մինչդեռ մյուս երկրները մտավախություն ունեն, որ դա կբարդացնի և կդանդաղեցնի մատակարարումները Կիևին։
Այս հարցով ԵՄ երկրների քվեարկությունը նախատեսված է հաջորդ երկուշաբթի։





























