Ռուսաստանն ու Թուրքիան արտոնյալ գործընկերներ են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսության ոլորտում։ Բիշքեկում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն:

«Թուրքիան մեր արտոնյալ գործընկերներից է թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտում», — նշել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան շարունակում են խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, որոնցից առանցքայինը մնում է «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը: Ռուսաստանի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ «Ռոսատոմը» կկարողանա գործարկել կայանի առաջին էներգաբլոկը հենց 2026 թվականին:

Էրդողանն իր հերթին ընդգծել է ռուս-թուրքական հարաբերությունների արագընթաց զարգացումը և առանձնահատուկ կարևորել «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը:

«Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս պարոն նախագահի հետ հանդիպմանը: Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն իսկապես մեծ զարգացում են ապրել», — ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանի խոսքով՝ կայանի առաջին էներգաբլոկի կառուցումը մտել է եզրափակիչ փուլ: Անկարան ակնկալում է դրա գործարկումն ու հետագա շահագործումը, ինչից հետո կողմերը մտադիր են քննարկել էներգետիկ ոլորտում հետագա համատեղ քայլերը: