Երեխաներին պետք է սովորեցնել ավելի ուշադիր լինել հոտերի նկատմամբ և տարբերակել դրանք․ դա կարող է բարելավել նրանց ինքնազգացողությունն ու օգնել ավելի լավ ընկալել շրջակա աշխարհը։ Նման առաջարկով է հանդես եկել հոտերի պատմաբան, Յորքի համալսարանի դասախոս Ուիլ Թալեթը, գրում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ ժամանակակից մարդն ապրում է մի միջավայրում, որը թուլացնում է հոտառությունը։ Օրինակ՝ օդի աղտոտվածությունն անմիջականորեն ազդում է հոտերը տարբերակելու ունակության վրա։ Բացի այդ, մեր շուրջը գտնվող բազմաթիվ սովորական իրեր ու մթերքներ՝ մարգարինից մինչև ավտոմեքենաների սրահներ ու բնակարաններ, զրկված են բնական բույրերից և պատված են արհեստական բուրավետիչներով։
«Դեռ անհայտ է, թե առօրյայում սինթետիկ բույրերի այսքան լայն կիրառումն ինչպես է ազդում բնական հոտերը տարբերակելու մեր ընդունակության վրա», — նշել է Թալեթը։
Նա առաջարկում է հոտառական ընկալման հիմունքները ներառել դպրոցական ծրագրերում։ Ընդ որում, զգայարանները կարելի է մարզել նաև տանը․ դրա համար բավական է ուղղակի գիտակցաբար ուշադրություն դարձնել տարբեր իրերի բույրերին։
Մասնագետը նշում է, որ որքան շատ ենք ուշադրություն դարձնում հոտերին, այնքան ընդլայնվում է դրանք նկարագրող մեր «բառապաշարը»։ Նման մոտեցում են կիրառում, օրինակ, սոմելիեները․ նրանք հատուկ այցելում են շուկաներ և այլ բազմաբույր վայրեր, որպեսզի հարստացնեն իրենց «հոտառական հիշողությունը», ապա սովորում են համեմատել ու տարբերակել դրանք։
Զարգացած հոտառությունը նաև կիրառական նշանակություն ունի։ Այն կարող է հուշել, թե որքան թարմ է սնունդը, և օգնել կողմնորոշվել՝ արդյոք արժե այն ուտել, թե ոչ՝ չհենվելով միայն տուփի վրա նշված պիտանելիության ժամկետի վրա։
Բացի այդ, հոտերը խորապես կապված են մեր էմոցիոնալ վիճակի հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բույրերից հաճույք ստանալու ունակությունը ազդում է ընդհանուր բարեկեցության զգացողության վրա։ Իսկ հոտառության կորուստը, ընդհակառակը, հաճախ ուղեկցվում է տագնապայնությամբ, դեպրեսիայով և այլ հոգեբանական խնդիրներով։
Թալեթը չի կարծում, թե ժամանակակից մարդիկ անտեսում են հոտերը։ Ընդհակառակը, շատերը կարող են պատմել որոշակի բույրերի հետ կապված վառ հուշեր։ Խնդիրն այլ է․ մարդկանց հաճախ հնարավորություն չի տրվում խոսել դրանց մասին, պակասում են նկարագրող բառերը կամ վստահությունը, որ սեփական զգացողությունները կարևոր են։
Պատմաբանը նաև կոչ է անում հրաժարվել այն թյուր կարծիքից, թե անցյալում աշխարհն ուղղակի «ավելի գարշահոտ» էր։ Նրա խոսքով՝ անցյալն ավելի լավը կամ վատը չէր․ այն ուղղակի այլ հոտ ուներ։ Հոտերի աշխարհը փոխվում է ժամանակի, մշակույթի և շրջակա միջավայրի հետ մեկտեղ։
Մյուս կողմից, հոտերը կարող են դառնալ սոցիալական խտրականության գործիք։ Թալեթը բերում է տանտերերի օրինակը, որոնք հրաժարվում են բնակարան վարձով տալ որոշակի ազգությունների ներկայացուցիչների՝ ազգային խոհանոցի հոտերի հանդեպ ունեցած նախապաշարմունքների պատճառով։
Նա հիշատակում է նաև Բրիտանիայի խորհրդարանում քննարկված մի նախագիծ, որը առաջարկում էր պատժել անօթևաններին «չափից դուրս ուժեղ» հոտ ունենալու համար։
Թալեթի կարծիքով՝ կարևոր է ինքներս մեզ հարց տալ, թե ինչու է այս կամ այն հոտը մեզ դուր գալիս կամ վանում, որտեղից են առաջացել այդ ասոցիացիաները և ինչպես են նույն բույրն ընկալում մյուսները։
Հոտերի նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունքը կարող է մարդկանց դարձնել ավելի ինքնագիտակից և հանդուրժող։ Ինստինկտիվորեն հոտը պառակտման առիթ դարձնելու փոխարեն՝ բույրերի աշխարհն ուսումնասիրելը կօգնի ավելի լավ հասկանալ թե՛ մեզ, թե՛ դիմացինին։
Թալեթը նշում է, որ հոտերը սերտորեն կապված են կոնկրետ ժամանակաշրջանի հետ։ Օրինակ՝ այսօրվա Մեծ Բրիտանիան բնորոշող բույրեր կարող են դառնալ ախտահանիչի, անտառային հրդեհների և աղտոտված ջրի հոտերը։
Իսկ խարույկի հոտը, որը ավանդաբար ջերմություն ու կարոտախտ էր արթնացնում, ապագայում կարող է ասոցիացվել տագնապի հետ՝ հաճախակի դարձած անտառային հրդեհների պատճառով։




























