Իշխանության մասով կարծես, թե ամեն ինչ հստակ է, հրապարակային է, շատ կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր դաշտում, անկախ նրանից՝ դրանք խորհրդարանական, թե արտախորհրդարանական ֆորմատով են գործում, ինչ դիրքավորում ունեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանություններրը փակում են արցախահայերի Արցախ վերադարձի թեման։
«Երբ մենք խոսում ենք Արցախի հարցի բաց կամ փակ լինելու մասին, արցախցիների իրավունքների վերականգնման, այդ թվում նաև Արցախ վերադարձի մասին, դրանք միայն հայտարարություններ են, ցանկություններ են, նեղ շրջանակում ոչ հրապարակային խոսելու համար նախատեսված ձևակերպումներ են, թե՞ դա բխում է յուրաքանչյուր քաղաքական ուժի մոտեցումից։
Շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը հստակ ձևակերպեն, թե իրենց համար այսօր Արցախի հարցը կա՞, թե՞ չկա, և երկրորդը դա իրենց քաղաքականության մաս կազմում է, թե՞ չի կազմում։ Դրա հաջորդ փուլը պետք է ենթադրի արդեն ընդդիմադիր այդ ուժերի մոտեցումների ներդաշնակեցում և միևնույն դիրքից հանդես գալու կամք և նպատակաուղղվածություն»,–ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ հասարակության ակտիվ ուժերը, գործիչները պետք է այս թեման առնվազն քննարկելի դարձնեն, երկրորդ փուլում թեման միջազգայնացնեն. «Այսպիսի գործընթացները ենթադրում են որոշակի աշխարհաքաղաքական գործընթացներում բարենպաստ դաշտի ձևավորման պրոցեսներ։ Մենք չգիտենք մեզ համար շահեկան կետը երբ է լինելու՝ 5 տարի հետո, 10 տարի հետո, թե 50 տարի հետո։ Մեր հասարակությունը պետք է անհրաժեշտ պահին պատրաստ լինի դրան»,– ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։





























