Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայի մասին հաղորդագրությունները «տեղեկատվական հարձակում» են, որը կոչված է խափանելու Պետդումայի ընտրությունների ընթացքը, հինգշաբթի Արևելյան տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր չկա այնպիսի սցենար, որը կպահանջեր մոբիլիզացիա։ Սա պարզապես նախապես մտածված տեղեկատվական գործողություն է», — ասել է Պուտինը՝ հավելելով, որ ռուսաստանցիները «կամավոր» գնում են «ՍՎՕ», պայմանագրեր ստորագրելով Պաշտպանության նախարարության հետ։

Նախագահի խոսքով՝ ներկայումս բանակը ռազմաճակատի համար նոր զինծառայողներ գտնելու հարցում «ոչ մի խնդիր» «չունի», ի տարբերություն Ուկրաինայի, որի, Պուտինի պնդմամբ, ԶՈւ թվաքանակը կրճատվում է։ «Ամեն ամիս՝ մինուս 8-12 հազար մարդ», — ասել է Պուտինը։

Նախօրեին նա Պետդումայի ընտրություններից հետո նոր մոբիլիզացիայի հնարավորությունը, որի մասին լուրերը սկսեցին բազմապատկվել ամռանը, անվանել էր «անհեթեթություն» և «տեղեկատվական հարձակում»։ Դեռ հուլիսին Z-ալիքները հաղորդում էին, որ ռազմաճակատ հարկադիր զորակոչը կարող է ընդգրկել 1,2 միլիոն մարդու և, հավանաբար, կուղեկցվի հարևան երկրների հետ չհրապարակված պայմանավորվածություններով. թեև սահմանները ձևականորեն կարող են բաց մնալ, տղամարդկանց համար անհնար կլինի մեկնել սահմանակից պետություններ։