PISA-ին մասնակցելու որոշումը մեր որոշումն է եղել ու այս տվյալներն առաջին հերթին մեզ են պետք։ Տարիներով PISA-ին մասնակցելու որոշումը չի կայացվել, որ իրականության հետ չառերեսվեն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ PISA միջազգային ստուգատեսի արդյունքներով, որը գնահատում է 15 տարեկան աշակերտների կարողությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում, տարբեր մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի արդյունքները մտահոգիչ են, քանի որ ընդհանուր առմամբ մեր երկիրը այս ստուգատեսում զբաղեցրել է վերջին հորիզոնականներից մեկը։ Մասնավորապես, այսօրվա 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ֆունկցիոնալ ընթերցանության, իսկ 72%-ը՝ մաթեմատիկայի և բնագիտության բազային մակարդակին։

Իսկ նախօրեին ԿԳՄՍ նախարարը հարցազրույց է տվել «Շանթ»–ին, որտեղ մասնավորապես, նշել է. «2025-ի մարտ-մայիս ամիսներին մեր 295 դպրոցներում ավելի քան 6800 աշակերտների շրջանում իրականացվել է հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են նախօրեին։

Հետազոտությունը անցկացվել է 2025-ին հիմնականում 10-րդ դասարանցիների շրջանում, այս երեխաների կրթությունը անցկացվել է հին չափորոշչի պայմաններում։ Սա նշանակում է նաև, որ այս ելակետային տվյալները ցույց են տալիս մեր հին չափորոշչի բոլոր խնդիրները։

Հիմա մենք ունենք իրավիճակ մինչև նոր չափորոշչի ներդրումը և հուսով եմ, որ 2029-ին, երբ որ մենք կունենանք հաջորդ շրջափուլով PISA–ի հետազոտության արդյունքները, մենք արդեն իսկ կկարողանանք տեսնել նոր չափորոշչի ազդեցությունը։

15 տարեկան հին չափորոշչի տրամաբանությամբ սովորած միայն ամեն երրորդ սովորողն է, որ կարողանում է մաթեմատիկական գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում և այն գիտելիքը, որ ինքը ունի մաթեմատիկայից, հասկանալ, թե որ դրության մեջ ինչպես կարող է օգտակար լինել։ Ամեն երրորդն է, որ նույնը կարողանում է անել նաև բնական գիտություններից և իր գիտելիքը, գիտական բացատրությունները համադրել առօրեական տարբեր իրավիճակներին, և մեր ամեն հինգերորդ սովորողն է, հին չափորոշչով, որ կարողանում է ընթերցանության հետ կապված կարողունակություն ձևավորել, այսինքն իր կարդացած տեքստի շուրջ նաև դատողություններ, եզրահանգումներ անել, որոնք արդեն ցույց են տալիս նրա ընթերցանության մակարդակը։

Սա իհարկե մտահոգիչ է, և հենց այս պատճառով է, որ մենք չափորոշչի փոփոխությունը նախաձեռնել ենք։ Որովհետև եթե ինչ-որ մեկը PISA–ից տեսավ, որ մեր նախորդ չափորոշիչը չէր համապատասխանում կյանքի և հմտությունների մակարդակի որևէ պահանջի, մենք այդ խնդիրը ի հայտ ենք բերել և դրա շուրջ սկսել ենք աշխատել դեռևս այն ժամանակ, երբ որ սկսեցինք նախագծել նոր չափորոշիչը, դա փորձարկել և ներդնել»։ Նախարարը հայտարարեց, որ PISA–ի հետազոտության արդյունքներն իրենց համար անսպասելի չէին. «PISA–ն եկավ ապացուցելու, որ այն ամենը, ինչ մենք ձեռնարկում ենք կրթության ոլորտում, դրանք ճիշտ քայլեր են։

PISA-ն ասում է, որ մեր երեխաների համար կիրառականությունը խնդիր է, ինչպե՞ս պետք է բնական գիտությունների գիտելիքը կիրառի, ի՞նչ միջավայրում, եթե մեր դպրոցները տարիներով չեն ունեցել լաբորատորիաներ։ Մենք դրա փոխարեն նախորդ չափորոշչի շրջանակներում մեր դպրոցական ծրագիրը լցրել էինք ինչով ասես և երեխաների ժամանակը սպառում էինք ամենատարբեր բովանդակության վրա։ Բնական գիտությունների պայմանները չկային, ուսուցիչների խիստ պակաս ունեինք։

Մենք եկանք կառավարության ծրագրով բնագիտական լաբորատորիաների ներդրման ծրագրով, որը բնական գիտությունների ուսուցանման ամբողջությամբ նոր հնարավորություններ է ձևավորում։ Մինչև տարեվերջ մեր բոլոր դպրոցները բնագիտական լաբորատորիաներով հագեցված կլինեն, այս պահին արդեն 86%-ը ունեն լաբորատորիաներ։ Մենք եկանք առանձին հավելավճար դնելով բնագիտական առարկաների ուսուցիչների վրա, որպեսզի խրախուսենք նրանց մուտքը դպրոցներ, և ունենք իրավիճակ, որ 23 թվականի համեմատ կիսով չափ  կրճատվել է ուսուցիչների պակասը՝ 1400-ից իջնելով մինչև 700-ի։

PISA հետազոտությունը անցկացնելու որոշումը եղել է մեր որոշումը, մենք շատ պարզ ու բաց ճակատով գնացել ենք այս որոշմանը, որովհետև այդ արդյունքները առաջին հերթին մեզ են պետք։ Այդ տվյալները եկել են մեզ ցույց տալու, որ ընտրված ճանապարհները և կայացված որոշումները ճիշտ ուղղությամբ են»,– հայտարարեց Անդրեասյանը։

Նա խոստովանեց, որ իրենց համար խնդիր է նաև ուսուցիչների պատրաստվածությունը և աշակերտների մոտիվացիան, և նոր չափորոշչի լուծումները մասամբ գալիս են հասցեագրելու այս հարցը։ 

«Բացի այդ, PISA–ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում արդյունքները հիմնականում անկում են ապրել բոլոր երկրներում, կրճատվել և պակասել է ծնողական աջակցության չափը։

Մեր երկիրը ամենաշատ տնային աշխատանքների չափաբաժին ունեցող երկրներից մեկն է նույն PISA-ի արդյունքներով, և սա լավ բան չի։ Մենք միջինում օրական 2 ժամ տնային աշխատանքների համար հատկացվող ժամանակ ունենք, որ ամենևին չի նշանակում, որ մեր երեխաները ավելի լավ պիտի սովորեն։ Մենք պետք է կարողանանք այնպես բաշխել դպրոցում անելիքը և տանը անելիքը, որ ոչ թե հոգնեցնենք երեխային, այլ որ իսկապես նրան պահենք հետաքրքրված և ներգրավված, և այստեղ մեր դպրոցը շատ լուրջ խնդիր ունի լուծելու»,– ընդգծեց ԿԳՄՍ նախարար։