Լսեցի ԿԳՄՍ նախարարի պարզաբանումները PISA 2025-ի արդյունքների վերաբերյալ. Նախարարի կարևոր փաստարկներից մեկն այն է, որ PISA-ին մասնակցած երեխաների 88%-ը հիմնականում կրթություն է ստացել հին չափորոշիչներով։ Հետևաբար համաձայն եմ՝ PISA 2025-ը չի կարելի դիտարկել որպես այսօր իրականացվող կրթական բարեփոխումների արդյունքի գնահատական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին, միջազգային համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարողությունների վրա հիմնված կրթական համակարգի անցումը սկսել է բավական ուշ։ Էստոնիան և մի շարք այլ երկրներ այդ ճանապարհով գնում են արդեն տասնամյակներ, Վրաստանը համակարգային փոփոխությունները սկսել է դեռ 2000-ականներին, Ղազախստանը՝ նախորդ տասնամյակում։ Հայաստանում նոր չափորոշիչը հաստատվել է 2021-ին, իսկ համապետական ներդրումը սկսվել է միայն 2023-ից։

Այսինքն՝ հնարավոր է, որ մենք այսօր տեսնում ենք ոչ այնքան սխալ ուղղությամբ գնալու, որքան չափազանց ուշ սկսելու գինը։

Բայց եթե դա այդպես է, ապա խնդիրը ոչ թե փոքրանում, այլ ավելի է սրվում։

Մենք այլևս չունենք ևս մեկ տասնամյակ՝ սպասելու, մինչև բարեփոխումը բնական ճանապարհով անցնի ամբողջ կրթական համակարգով։

Եվ կա առաջին, շատ պարզ հարցը.

Իսկ այսօրվա երեխաների հետ ի՞նչ ենք անում։

Եթե այսօրվա 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ֆունկցիոնալ ընթերցանության, իսկ 72%-ը՝ մաթեմատիկայի և բնագիտության բազային մակարդակին, նրանց չենք կարող պարզապես համարել հին համակարգի արդյունք և անցնել առաջ։

Այս սերնդին մոռանալու իրավունք չունենք։

Նրանց համար անհրաժեշտ է առանձին արագ ախտորոշման և կրթական բացերի վերականգնման ծրագիր՝ մինչև դպրոցն ավարտելը և բուհ, մասնագիտական կրթություն կամ աշխատաշուկա մտնելը։

Երկրորդ հարցը՝ որտեղի՞ց գիտենք, որ նոր համակարգը տալիս է այն արդյունքը, որն ակնկալում ենք։

Նոր չափորոշիչը, լաբորատորիաները, ուսուցիչների ատեստավորումը, աշխատավարձերի բարձրացումը, դպրոցաշինությունը և ֆինանսավորման աճը կարևոր և անհրաժեշտ քայլեր են։

Բայց դրանք դեռ չեն պատասխանում հիմնական հարցին՝ ինչ է փոխվում երեխայի մոտ։

Հաջորդ PISA-ն լինելու է միայն 2029-ին։ Չենք կարող չորս տարի սպասել՝ պարզելու համար՝ ճիշտ ուղղությամբ և անհրաժեշտ արագությամբ շարժվո՞ւմ ենք, թե՞ ոչ։

Հենց այս պատճառով էլ շարունակում եմ կարծել, որ մեզ անհրաժեշտ է կրթության ոլորտում արտակարգ կառավարման ռեժիմ։

Ոչ թե արդեն իրականացվող բարեփոխումները կանգնեցնելու կամ ամեն ինչ նորից սկսելու համար։

Ընդհակառակը՝ ճիշտ բարեփոխումները շատ ավելի արագ իրականացնելու, դրանց իրական ազդեցությունը մշտապես չափելու, չաշխատող բաղադրիչներն անմիջապես փոխելու և կորցրած ժամանակը լրացնելու համար։

Դա նշանակում է կառավարման այլ արագություն, լավագույն մասնագիտական ներուժի կենտրոնացում, անհրաժեշտության դեպքում բյուջետային առաջնահերթությունների վերանայում, լրացուցիչ միջազգային վարկային և մասնավոր ռեսուրսների ներգրավում և ամենակարևորը՝ կրթական արդյունքի տարեկան, անկախ ու հրապարակային չափում։

Պետք է ստեղծվի շատ կարճ շղթա՝

չափում → ախտորոշում → միջամտություն → արդյունքի չափում → արագ ուղղում։

Եվ այս ամենը պետք է արվի երկու ուղղությամբ միաժամանակ՝ վերականգնել արդեն այսօրվա երեխաների կորցրած հնարավորությունները և արագացնել փոփոխությունները նրանց համար, ովքեր դեռ անցնում են նոր համակարգով։

PISA 2029-ը չպետք է լինի այն օրը, երբ առաջին անգամ կիմանանք՝ բարեփոխումն աշխատե՞լ է։

Այն պետք է լինի անկախ միջազգային ստուգում այն արդյունքի, որի շարժը մենք արդեն տարիներ շարունակ չափել ենք Հայաստանում։

Գուցե մենք ոչ թե սխալ ուղղությամբ ենք գնում, այլ պարզապես չափազանց ուշ ենք սկսել։

Եթե այդպես է, ապա այսօր մեզ անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ բարեփոխում։

Մեզ անհրաժեշտ է կորցրած ժամանակը լրացնելու արտակարգ արագություն»։ Մեկ այլ գրառման մեջ Ջրբաշյանը նշել է. «ԿԳՄՍ նախարարը կրթությունը շատ ճիշտ անվանում է «ռազմավարությունների ռազմավարություն»։

PISA 2025-ի վերաբերյալ նախարարի մեկնաբանության մեջ ինձ համար հատկապես կարևոր էր մի միտք՝ մենք ստացել ենք կրթության արդյունքի այն baseline-ը, որը ռազմավարությունը մշակելիս պարզապես չունեինք։

Եվ այստեղ առաջանում է ռազմավարական կառավարման հարց։

Եթե ռազմավարության նպատակային ցուցանիշներն ու առաջնահերթությունները սահմանվել են առանց այդ տվյալների, ապա նոր baseline-ի ստացումից հետո դրանք պետք է վերագնահատվեն։ Այսօր մենք գիտենք մի բան, որը ռազմավարությունը մշակելիս չգիտեինք։

Սա առավել կարևոր է, քանի որ գործող ռազմավարության մեջ էլ չափելի վերջնական կրթական արդյունքները բավարար հստակությամբ չեն ձևակերպված։ Գործողությունների պլանում շատ ավելի հստակ են չափվում իրականացված միջոցառումները՝ դպրոցներ, լաբորատորիաներ, վերապատրաստումներ, ատեստավորում, քան այն, թե ինչ է փոխվել երեխայի գիտելիքի, կարողությունների և դրանք կիրառելու ունակության մեջ։ Իսկ առկա միջազգային գնահատումների՝ առնվազն TIMSS-ի տվյալները, թույլ են ինտեգրված որպես արդյունքի մեկնարկային և նպատակային ցուցանիշներ։

Հետևաբար հարցը միայն այն չէ, թե ինչ ենք անելու PISA-ի արդյունքներից հետո։ Ավելի հիմնարար հարց կա՝ ո՞րն է այն չափելի ռազմավարական արդյունքը, որի հիման վրա 2030-ին պետք է ասենք՝ կրթության ռազմավարությունը հաջողե՞լ է, թե՞ ոչ։

Եվ այստեղ է նաև իմ նախորդ գրառման՝ կրթության ոլորտում արտակարգ կառավարման ռեժիմի առաջարկի կապը։

Դրա իմաստը պարզապես նույն միջոցառումներն ավելի արագ իրականացնելը չէ։ Նոր baseline-ը պետք է օգնի հստակեցնել՝ որտե՞ղ ենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ինչպե՞ս ենք դա չափելու և գործող միջամտություններից որո՞նք են որոշիչ այդ արդյունքին հասնելու համար։ Եվ արդեն դրա շուրջ կենտրոնացնել ֆինանսական, մարդկային ու կառավարչական ռեսուրսները՝ արտակարգ արագությամբ։

Հակառակ դեպքում կարող ենք արտակարգ ռեժիմով պարզապես ավելի արագ իրականացնել գործողությունների պլանը՝ առանց վստահ լինելու, որ ավելի արագ ենք շարժվում դեպի ռազմավարական արդյունքը։

PISA 2025-ը մեզ տվել է մեկնարկային կետը։ Հիմա պետք է հստակ լինի վերջնակետը և այն ճանապարհը, որով հասնելու ենք դրան։

Հատկապես, երբ խոսքը «ռազմավարությունների ռազմավարության» մասին է»։

Հայ աշակերտների մակարդակի վերաբերյալ PISA–ի արդյունքները անակնկալ չեն եղել ԿԳՄՍ նախարարի համար. Մեղավորը հին չափորոշի՞չն է