Եվրոպայի հետ ուղիղ պատերազմի սպառնալիք կա. եվրոպացիները, որոնք դեռ 80 տարի առաջ դադարել են ռազմավարական մտածել, խաղում են կրակի հետ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահ, քաղաքագետ Դմիտրի Տրենինը։

Նրա գնահատմամբ՝ եվրոպացիները ամեն անգամ, կատարելով որևէ նոր գործողություն, հատում են այն «կարմիր գիծը», որը, նրանց պատկերացմամբ, գոյություն ունի Ռուսաստանի համար։

Քաղաքագետը հավելել է, որ եվրոպացիներն Ուկրաինային օգնությունը սկսել էին զրահաբաճկոններից և սաղավարտներից, հետո անցան տանկերին, F-16 ինքնաթիռներին և այլն։ «Եվ նրանք ամեն անգամ ստուգում են, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ պահի նրանք կարող են չափն անցնել և առաջացնել Ռուսաստանի այն պատասխանը, որը կհամապատասխանի ռուսական ռազմական դոկտրինին»,- նշել է նա։

Տրենինն ընդգծել է, որ եվրոպացիները կարող են հասնել նրան, որ Ռուսաստանը սկսի հարվածել այդ երկրների տարածքներին։ «Որոշ իրավիճակում ես կարող էի պատկերացնել նաև միջուկային զենքի կիրառումը»,- չի բացառել նա՝ հույս հայտնելով, որ դա տեղի չի ունենա։

Նրա համոզմամբ՝ եվրոպացիները վաղուց և համառորեն հրահրում են մեծ պատերազմ։ Փորձագետը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի նահանջի և կհասնի իր շահերի իրականացմանը։

Քաղաքագետը պարզաբանել է, որ ուկրաինական պատերազմն ավելի լայն երևույթի՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մի մասն է։ Ըստ նրա՝ այս պատերազմը կտևի տասնամյակներ, որովհետև Արևմուտքը (Եվրոպան) չի կարող իրեն թույլ տալ ուժեղ Ռուսաստան իր արևելյան սահմաններին։

Տրենինը հավելել է, որ Միացյալ Նահանգները մի փոքր այլ մոտեցում ունի. ԱՄՆ-ի համար Ռուսաստանը կարող է լինել գլոբալ հավասարակշռության մի մաս, որն ամերիկացիները կարող էին կառավարել կամ առնվազն որի հետ կարող էին աշխատել։

Նա նշել է, որ եվրոպացիներն Ուկրաինայում իրենց համար «անիծյալ ռուսական հարցը» մեկընդմիշտ լուծելու հնարավորություն են տեսել։ Տրենինն ընդգծել է, որ այս պատերազմը, ըստ էության, սկսվել է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի շուրջ։

«Ինչո՞ւ էր պետք ընդլայնել ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ տվեց դա եվրոպացիներին։ Ո՞վ ուկրաինացիներին բերեց նրանց այսպես կոչված եվրոպական ընտրությունը։ Ի՞նչ ստացավ Ուկրաինան։ Ի՞նչ էլ դեռ կստանա այն ընտրությունից, որն ինքն է կատարել»,- հարցադրումներ է արել նա։

Փորձագետը համոզմունք է հայտնել, որ արդյունքում Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, իսկ Եվրոպան կպարտվի։ «Վերջերս ես լսեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը, որ Եվրոպայի հետ հնարավոր պատերազմը չի լինի պարզապես Ուկրաինայի պատերազմի շարունակությունը, այլ կլինի շատ կարճ պատերազմ։ Եվ այն կվարվի ոչ այնքան դրոններով»,- եզրափակել է փորձագետը։