Ռուսաստանում 2025 թվականից ի վեր առնվազն 80 մարդու պատժել են ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքների մասին տեղեկություն տարածելու համար։ Այս եզրակացությանն է եկել «Վյորստկան»՝ վերլուծելով դատական բազաները։ 75 մարդ տուգանվել է 1 հազարից մինչև 30 հազար ռուբլու չափով, ևս հինգ դեպքում դատարանները սահմանափակվել են նախազգուշացմամբ։ Պատասխանատվության ենթարկելու առիթ է դարձել ոչ միայն բաց հասանելիությամբ հրապարակումը։ Գործեր են հարուցվել նաև ծանոթներին, հարազատներին կամ գործընկերներին նյութեր ուղարկելու պատճառով։
Վոլգոգրադի մարզում գյուղական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհուն 3 հազար ռուբլի տուգանել են 15 հոգուց բաղկացած աշխատանքային չատ ուղարկած ձայնային հաղորդագրության համար, որում, ինչպես դատարանն է հաստատել, խոսվում էր «բնակավայրի օբյեկտների վրա ԱԹՍ-ի հարձակման մասին՝ նշելով ամսաթիվը, ժամը, անվանումը և թե կոնկրետ որ օբյեկտներն են վնասվել»։ Դաղստանում տեղացի բնակչին 1,5 հազար ռուբլի տուգանել են տնային տեսահսկման խցիկից տեսանյութի համար, որում երևում էին անօդաչուների պայթյունները։ Տղամարդը ձայնագրությունն ուղարկել էր WhatsApp-ի ընտանեկան չատ, որից հետո տեսանյութը հայտնվել էր սոցիալական ցանցերում։
Արձանագրություններ են կազմվել տարբեր հոդվածներով։ Լենինգրադի, Ռյազանի, Տուլայի, Յարոսլավլի, Սմոլենսկի, Վոլգոգրադի, Ռոստովի, Օրենբուրգի, Տոմսկի մարզերում, Թաթարստանում, Դաղստանում և Չուվաշիայում ԱԹՍ-ների հարձակման հետևանքները հրապարակած բնակիչներին պատժել են տարածաշրջանային օրենքների՝ օպերատիվ շտաբների և նահանգապետերի կարգադրությունների խախտման համար։ Կարաչայ-Չերքեզիայում երկու հոգու տուգանել են յուրաքանչյուրը 30 հազար ռուբլի՝ զանգվածային տեղեկատվության ազատության չարաշահման մասին հոդվածով (ՌԴ ՎԿՕ 13.15)․ նրանք տեսանյութ էին նկարահանել այն մասին, որ ԱԹՍ-ն հարձակվել է առողջարանային ավանի անավարտ հյուրանոցի վրա, իսկ դատարանն այդ տեղեկությունը ճանաչել է «ակնհայտ կեղծ»։ Անեքսիայի ենթարկված Ղրիմում գործեր են հարուցվել արտակարգ իրավիճակի ժամանակ վարքագծի կանոնները չկատարելու մասին դաշնային հոդվածով (ՌԴ ՎԿՕ 20.6.1)։ 2025–2026 թվականներին թերակղզում դրոնների հարձակումների հետևանքների հրապարակման համար տուգանել են առնվազն ութ մարդու։
Առնվազն երեք մարդու նկատմամբ միանգամից երկու գործ է հարուցվել․ նրանք ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների տեսանյութերը տեղադրել էին տարբեր հարթակներում։ Օրինակ՝ Սմոլենսկի մարզի մի բնակչի նշանակել են երկուական 3 հազար ռուբլու տուգանք՝ «ՎԿոնտակտե»-ի երկու հանրային էջերում նման տեսանյութեր հրապարակելու համար։
«Վյորստկայի» գտած գործերից մեկը կարճվել է, քանի որ դատարանը եկել է այն եզրակացության, որ «տեսանյութի ուղարկումը „WatsApp“ մեսենջերի միջոցով հրապարակային բնույթ չի կրում, ուստի վարչական իրավախախտման կազմ չի առաջացնում»։ Եվս մեկ դեպքում դատարանը արձանագրությունը վերադարձրել է թերությունները վերացնելու համար և պահանջել, որ այն կազմած գերատեսչությունը սահմանի խախտման կատարման վայրը։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների և ՀՕՊ-ի աշխատանքի հրապարակման սահմանափակումներ գործում են Ռուսաստանի 62 մարզում, ինչպես նաև անեքսիայի ենթարկված Սևաստոպոլում և Ղրիմում։





























