Եթե դու հասարկության առջեւ, չես աշխատել այն թիմի հետ, որին ընտրություններից առաջ ներկայացնում ես քո կուսակցության ցուցակում, նշանակում է, որ այդ մոտեցումը իր նպատակին չի ծառայելու: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա իր ափսոսանքը հայտնեց, որ ԱԺ-ում Ժառանգության արդեն ձեւավորված թիմը փոխարինվում է նոր գործիչներով: «Կարծում եմ, որ այստեղ կար մի ծուղակ, որը «Ժառանգությունը» չկարողացավ շրջանցել»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` երբ թիմը ստեղծվում է ու չեն լինում անդամներ, որոնք նախկինում մեծ դերակատարում են ունեցել կուսակցության եւ խմբակցության աշխատանքում, ապա այդ թիմը դառնում է անիմաստ:
Անդրադառնալով 5-րդ գումարման ԱԺ-ում «Ժառանգության» արդյունավետ աշխատանքին` Լ. Ալավերդյանն իր գոհունակությունը հայտնեց Զարուհի Փոստանջյանի` ԱԺ անցնելու կապակցությամբ եւ նշեց. «Մենք պետք է սպասենք, թե արդյոք Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալիկ Արզումանյանը կարող են անել այն, ինչ անում էր «Ժառանգությունը»: Դա հարցական է ավելի շատ»:
Նա, սակայն, նկատեց, որ հասարակությունը չպետք է հիասթափվի՝ հուսալով, որ, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» իր վարած քաղաքականությունը կշարունակի:
Ասուլիսի ավարտին բանախոսն անդրադարձավ նաեւ ընտրարշավում կիրառված տեխնոլոգիաներին` նշելով. «Սա ամենախարդախ տեխնոլոգիաներով անցած ընտրությունն էր: Բայց նախընտրական շրջանը ԶԼՄ-ների տեսակետից գերազանց է եղել: Մենք այդպիսինը չենք ունեցել»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այս ընտրությունները սեւ տեխնոլոգիաների եւ հասարակության միամտության եզրափակիչ փուլը կլինի:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» մասնակցել է «Ազատ դեմոկրտաների» հետ միասնական ցուցակով, որում ընդգրկված էր նաեւ քաղաքացիական սեկտորը: Նրանց համամասնական ցուցակում «Ժառանգության» մի խումբ ակտիվ պատգամավոր «վատ» հորիզոնականներում էին, ինչի արդյունքում ընտրությունների նախնական արդյունքներով նրանք չեն անցնում ԱԺ: Այժմ «Ժառանգության» ցուցակով ԱԺ են անցնում Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»), Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ»), Զարուհի Փոստանջյանը («»Ժառանգություն») Ալեքսանդր Արզումանյանը («Ազատ դեմոկրատներ») եւ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»):




























