«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջիկայում Սլավոնական համալսարանում ստանձնելու է «Քաղաքականություն եւ իրավունք» ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Սյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Աշխատանքի այդ առաջարկը նա ստացել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից:
«Սլավոնական համալսարանը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու եւ կազմված է լինելու հինգ ինստիտուտներից, որոնցից մեկի տնօրենն էլ ես եմ լինելու: Վերին աստիճանի պատասխանատու պաշտոն է դա ինձ համար: Այն փորձն ու գիտելիքները, որ ձեռք եմ բերել 25 տարիների ընթացքում ներդնելու եմ համալսարանում, փորձելու եմ անել այն, ինչ անում էի խորհրդարանում, դասախոսելու եմ, ոգեւորելու եմ, որ երկիր ունենք՝ աշխարհը չունի: Էնտուզիազմը չի պակասել իմ մեջ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նա կշարունակի ղեկավարել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, որը, իր խոսքով, «հին ու միակ կազմակերպություններից է, որ 16 տարի շարունակում է շրջաններում աշխատել»:




























