Լեհաստանն ուժեղացնում է ենթակառուցվածքը Ուկրաինայի հետ սահմանային անցակետերում այն բանից հետո, երբ հանգստյան օրերին ռուսական անօդաչու սարքերը հարվածներ հասցրել են երկրի՝ Ուկրաինայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, երեքշաբթի հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Կիրակի անօդաչու սարքը հարվածել է Ուկրաինայի և Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուղևորատար գնացքին։ Մեկ այլ անօդաչու սարք խոցել է մոտակայքում գտնվող բենզալցակայանում կանգնած բեռնատարը։

Հարձակումներից հետո լեհ սահմանապահները հայտնել են սահմանային անցակետերի աշխատանքի ժամանակավոր դադարեցման, մարդկանց մեքենաներից տարհանելու և ապաստարաններում պատսպարվելու անհրաժեշտության մասին։

«Վերջին օրերը ցույց են տալիս, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Ըստ կառավարության որոշման՝ ուժեղացվում է սահմանապահ ծառայության կողմից օգտագործվող ենթակառուցվածքը»,- X սոցիալական ցանցում գրել է Կոսինյակ-Կամիշը։

Ըստ նրա՝ 18-րդ ինժեներական գնդի զինծառայողներն արդեն սկսել են սահմանային անցակետերի և լեհ-ուկրաինական սահմանի մերձակա ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները։

Լեհական բանակի հրամանատարությունը հայտնել է, որ ինժեներական ստորաբաժանումները կառուցում են ամրություններ՝ օգտագործելով մետաղալարե ցանցով հավաքովի կոնտեյներներ, որոնք լցվում են ավազով կամ խճաքարով և կարող են օգտագործվել որպես պաշտպանական պատեր պայթյունային ալիքից պաշտպանվելու համար կամ որպես հենապատային կառույցներ, հաղորդում է Reuters-ը։

Բացի դրանից, լեհ-ուկրաինական սահմանի մոտ՝ Դորոհուսկ, Մեդիկա և Կորչովա սահմանային անցակետերի շրջանում, կառուցվում են դիտարկման և պահպանության կետեր։