Վախճանվել է հայտնի բրիտանական  Bee Gees խմբի քաղցկեղով հիվանդ վոկալիստ Ռոբին Գիբը: 62-ամյա երաժիշտը տառապում էր  աղիքների եւ լյարդի քաղցկեղով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գիբը կոմայի մեջ էր ընկել ապրիլի 13-ի երեկոյան: Նա պայքարում էր քաղցկեղի դեմ: Երաժշտի մոտ ահավոր հիվանդությունն ախտորոշվել էր նախորդ տարվա վերջին: Վերջին ամիսներին նա քիմիական թերապիայի ուժեղացված բուժում էր ստանում: Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը երաժիշտը դուրս է եկել կոմայից, նա սկսել է  գլուխը շարժել եւ նշաններ ցույց տալ իր հարազատների հարցերին ի պատասխան: Ուռուցքը հեռացվել էր, բժիշկներն ասում էին, որ երաժիշտն ապաքինվում է: 

Սակայն, ինչպես հայտնում է rbc-ն, ավելի ուշ բժիշկները հայտնել էին, որ արտիստի օրգանիզմում կարող է այլ ուռուցք լինել: Բացի դրանից, նա հիվանդացել էր նաեւ թոքերի բորբոքմամբ:

Բարի, Ռոբին եւ Մորիս եղբայրների` Bee Gees եռյակի փառքի գագաթնակետը եղել է անցյալ դարի 70-ականներին: Նրանք ստացել են ԱՄՆ-ում ամենապատվավոր  «Գրեմի» երաժշտական մրցույթի 7 մրցանակ:  Նրանք հայտնի են դարձել ոչ միայն որպես կատարողներ, այն նաեւ Բարբրա Սթրեյզնդի, Սելին Դիոնի եւ Դայանա Ռոսի երգերի հեղինակներ: Խմբի վերջին ալբոմը ձայնագրվել էր 2001 թվականին:

Կրտսեր` չորրորդ եղբայր Էնդի Գիբն սկսել էր մենակատարի հաջող կարիերա, սակայն մահացել էր 30 տարեկանում` 1988 թվականին, սրտի կաթվածից: 2003 թվականի հունվարին Ֆլորիդա նահանգում 53 տարեկան հասակում վախճանվել էր Մորիսը: