17-ամյա Մարիամ Մացակյանը Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը:

«Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- նշեց նա:

Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր էր, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չհաջողվեց:

Արթուր Պետրոսյանը նշեց, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է եւ շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:

Նշենք, որ Մարիամ Մացակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում նախաքննություն է սկսել: