Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր` մայիսի 22-ին, ժամը 17.45-ի սահմաններում բռնկված հրդեհի հետեւանքով շենքի երկու հարկերը ջրով է լցվել, ինչի արդյունքում տեխնիկան վնասվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արատակարգ իրավիճակների նախարարության տվյալների, այրվել է Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը:

ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ, հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ տեղայնացնել կրակն ու մարել հրդեհը: Նրա խոսքով, հնարավոր է, որ հրդեհը բռնկված լինի ոչ թե շենքի ներսից, այլ դրսից: Վ. Գաբրիելյանը հերքել է տեղեկությունները, թե դա պայթյունի հետևանք է:

Նախնական տեղեկությունների համաձայն, շենքի տանիքում հոսանքի լարերը կպել են իրար, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել:

ՀՀԿ-ի շտաբում հրդեհի ժամանակ գրեթե մարդ չի եղել, հետեւաբար` տուժածներ չկան: