Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ:
NEWS.am-ի տեղեկություններով, մինչ այդ ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը եղել է Ալեքսանդր Բերեզովսկին, ով դարպասապահ Ռոման Բերեզովսկիի եղբայրն է: Ա. Բերեզովսկին օրերս է ազատվել այդ պաշտոնից:
Մեր տեղեկությունների համաձայն Բերեզովսկիի աշխատանքից ազատման խնդիրն ի հայտ է եկել, երբ շուրջ մեկ ամիս առաջ ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ պետի պաշտոնում նշանակվել է Սերոբ Հարությունյանը: Հենց նրա հետ եղած խնդիրներն են եղել Բերեզովսկիի ազատման պատճառը:
Նշենք, որ Սերոբ Հարությունյանը մինչ այդ պաշտոնում նշանակվելը եղել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը:


























