Ճամփորդական ամրագրումների խոշորագույն Booking.com կայքի սեփականատեր ընկերությունն իր աշխատակիցների խորհրդի դեմ հայց է ներկայացրել Ամստերդամի դատարան։ Դրա արդյունքում կայքը դատարանի միջոցով աշխատողներին պարտադրել է շաբաթական առնվազն երկու օր գնալ գրասենյակ։ Այս մասին գրում է NU պարբերականը։
Booking.com-ի Ամստերդամի գլխամասային գրասենյակում մոտ 7 հազար մարդ է աշխատում։ Ղեկավարությունը պահանջում է, որ նրանք շաբաթական երկու օր անպայման տեղում լինեն, սակայն Աշխատակիցների խորհուրդը դեմ է արտահայտվել այս որոշմանը։
Նիդերլանդների օրենքներով՝ աշխատանքային պայմանների ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ աշխատավայրի տեղափոխումը, պետք է պարտադիր համաձայնեցվի Աշխատակիցների խորհրդի հետ։ Իսկ խորհրդից հայտարարել են, որ ընկերությունը ոչ մի լուրջ հիմնավորում չունի մարդկանց պարտադիր գրասենյակ վերադարձնելու համար։
Դեռ 2022-ին՝ համավարակի սահմանափակումները հանելուց հետո, ընկերությունը հորդորել էր աշխատաժամանակի 40 տոկոսն անցկացնել գրասենյակում։ Չնայած դրան՝ աշխատակիցների մի մասը մինչ օրս տնից է աշխատում։
Booking.com-ում պնդում են, որ տնից աշխատելը վնասում է թիմային աշխատանքին ու գործի արդյունավետությանը։ Ընկերության անցկացրած հարցումներով՝ աշխատակիցների մեծ մասի համար իրար հետ տեղում շփվելն ավելի հեշտ է։
Ըստ նոր կանոնների՝ ճկուն ժամանակացույց է առաջարկվում․ գրասենյակում աշխատելու առաջին օրը որոշում է թիմը, իսկ երկրորդ օրն աշխատակիցն ինքն է ընտրում։





























