Եվրոպայի Երիտասարդ ընկերվարականների կազմակերպության (ECOSY) նախաձեռնությամբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, մայիսի 18-20-ին, կայացել է սեմինար` «Պայքար աջ-ծայրահեղականության դեմ եւ գաղթականության ու համարկման խնդիրները» թեմայով:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ սեմինարը հյուրընկալում էր Շվեդիայի ընկերավար-ժողովրդավարական կուսակցության (SAP) երիտասարդական կազմակերպությունը (SSU):

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ եւ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի աշխատակից Անահիտ Հարությունյանը:

Սեմինարին մասնակցել են պատվիրակներ եվրոպական երկրներից, ինչպես Չեխիայից, Բելգայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից եւ այլն: Նշենք, որ Սեւծովյան տարածաշրջանի պետություններից սեմինարին մասնակցում էր միայն Հայաստանը:

Դանիայի, Նորվեգիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական երկրներում եւ մասնավորապես սկադինավյան երկրներում օր օրի զարգացող աջ-ծայրահեղական շարժումների դիրքը իշխանության մեջ եւ վտանգը, որը սպառնում է այս երկրների փոքրամասնություններին:

Սեմինարի ընթացքում քննարկվել են ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների դերը եւ կարեւորությունը աջակողմյան ծայրահեղական եւ նեո-նացիստական շարժումների դեմ պայքարելու գործընթացում:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի տեսակետը այս խնդրի վերաբերյալ` դատապարտել է ցանկացած գործողություն ուղղված փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառմանը եւ ճնշման գործադրմանը, նշելով որ ցանկացած ժողովրդավարական պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով փոքրամասնությունների ազատ համարկումը հասարակություն:

Քննարկումների արդյունքում մասնակիցների կողմից հնչեցվել են առաջարկություններ, թե ինչպես ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները միասնաբար պետք է պայքարեն ծայրահեղական շարժումների դեմ` հանուն մարդու իրավունքներ պաշտպանության եւ համերաշխության հաստատման:

Քննարկումների հետ միաժամանակ, սեմինարի ընթացքում տեղի են ունեցել ԵԵԸԿ աշխատանքային խմբերի հանդիպումները:

Քննարկումներին մասնակցելուց բացի ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պատվիրակների հետ, որտեղ քննարկվել են երկուստեք համագործակցության եզրերը։