Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ  շենքի  4-րդ հարկից ցած նետվելու միջոցով մայիսի 9-ին ինքնասպանության փորձ է կատարել 27-ամյա Մարինե Հախվերդյանը: Aravot.am-ի փոխանցմամբ` նա ողջ է մնացել, բայց վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն  ամուսնացած է, ունի 2 տարեկան որդի, ամուսինը  ներկայումս գտնվում է Ռուսաստանում: «Առավոտի» տեղեկություններով` Մ. Հախվերդյանին նման քայլի հասցրել է նրա սիրեկանը, ով կնոջն սպառնացել է նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածել: Այդ տղամարդը նախկինում դատված է:

Դիլիջանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մ. Հախվերդյանը  Հաղարծին գյուղի բնակչուհի է, Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով է բնակվում: Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը դեպքի կապակցությամբ քրեական գործ է  հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Սույն  գործով կատարվում է քննություն: