Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հոկտեմբերի 9-ի գիշերը զանգվածաբար գրոհել են Ռուսաստանի շրջանները։ Տվերի մարզում անօդաչու սարքերի հարվածի տակ է հայտնվել և բռնկվել Ռեդկինո ավանում գտնվող գործարանը։ «Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել, ժամանակին տարհանվել են ապաստարան։ Հրդեհը մարվել է», — հաղորդել է շրջանի ղեկավար Վիտալի Կորոլյովը։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը գրել է, որ խոսքը վերաբերում է Ռեդկինոյի փորձարարական գործարանին՝ տարածաշրջանի խոշորագույն քիմիական ձեռնարկությանը, որն արտադրում է Х-55 և Х-101 թևավոր հրթիռների վառելիք, ինչպես նաև դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի հավելումներ։ Մինչ այդ անօդաչու սարքերը գրոհել էին ձեռնարկությունն այս տարվա փետրվարին։
Գնդակոծության տակ է հայտնվել նաև Բելգորոդի օկրուգը։ Մասնավոր տների վրա արկերի ընկնելու հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս չորսը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են, հաղորդել են Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբում։ Գրոհից հետո NASA FIRMS-ի արբանյակները ֆիքսել են հրդեհ Բելգորոդից հյուսիս գտնվող նավթաբազայում։ Բազան ունի ռազմավարական նշանակություն տարածաշրջանի համար և ապահովում է վառելիքի մատակարարում ինչպես արդյունաբերական ու գյուղատնտեսական ձեռնարկություններին, այնպես էլ բենզալցակայաններին։
Բացի այդ, անցած գիշեր ուկրաինական դրոնները գրոհել են նաև Կալուգայի մարզը։ Հարվածի տակ են հայտնվել չորս մունիցիպալ օկրուգներ և Կալուգան, հայտնել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Նրա տվյալներով՝ անօդաչու սարքերի թիրախը դարձել է «քաղաքի ենթակառուցվածքը»։ «Ցավոք, 9 մարդ վիրավորվել է, որոնցից 5-ը հոսպիտալացվել է», — գրել է Շապշան թելեգրամ-ալիքում։ Նա հավելել է, որ երկու մունիցիպալ օկրուգներում և Կալուգայում կան մասնավոր տների վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանի երկնքում որսացել են 26 դրոն։
ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր Ռուսաստանի 19 շրջանների, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ակվատորիաների վրա «որսացվել և ոչնչացվել են» ինքնաթիռային տիպի 505 ուկրաինական անօդաչու սարքեր։ Մասնավորապես, դրոններ են արձանագրվել Կալուգայի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Տուլայի, Տվերի, Սմոլենսկի և Մոսկվայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Թաթարստանի երկնքում։





























